Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային Իրանում առաջինն արձագանքել է ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, և իր մտահոգությունը հայտնելով տարածաշրջանում տեղի ունեցող բախումների կապակցությամբ՝ հորդորել պահպանել հրադադարի ռեժիմն ու խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Նա չի զլացել հիշեցրել Արցախի ադրբեջանական պատկանելության վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ հավատացած լինելով, որ Արցախի բնակչությանը վերաբերող իրավունքի ու անվտանգային հարցերն անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով։ Ըստ իրանական աղբյուրների՝ Քանանին կրկին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման խնդրում տարածաշրջանային երկրների դերակատարության մասին՝ հայտնելով Թեհրանում 3+3 ձևաչափով նիստ գումարելու Իրանի պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից ընդամնեը մեկ շաբաթ առաջ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր պատերազմ չհրահրելու ադրբեջանական կողմի հավաստիացումների մասին և վկայաբերելով ադրբեջանցի իր գործընկերների խոսքերն՝ ասել, որ սահմանային տեղաշարժերն ընդամենը ձմռան ամիսների համար նախատեսված սովորական միջոցառումներ են։ Իսկ Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին էլ հնարավոր պատերազմի վտանգի մասին բարձրացված աղմուկը համեմատել էր «մի բաժակ ջրի մեջ փոթորկի» հետ։
Իրանական մամուլը նաև անդրադարձել է Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նյույորքյան հանդիպմանը, որի ժամանակ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաև հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ ԻԻՀ ԱԳ նախարարը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով հանդերձ, տեսակետ է հայտնել, որ բոլոր տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանաապրհով և բանակցությունների միջոցով։
Իրանական iswnews.com տեղեկատվական-վերլուծական կայքը, որն իր ունկնդիրներին է ներկայանում մեր տարածաշրջանին վերաբերող անաչառ տեղեկատվություն տրամադրելու հավակնությամբ, մերժելով «մի բաժակ ջրի մեջ փոթորկի» թեզը, հրապարակել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիվ գործողությունների մանրամասները և Ղարաբաղում պատերազմի վերսկսման հիմքերը, արցախյան երկրորդ պատերազմից հետո կնքված հրադադարը համարել է թերի ու կիսակատար, որի պատճառով էլ նոր պատերազմը դարձել էր անխուսափելի։
Իսկ վերջին երեք տարիների ընթացքում, ըստ նույն կայքի, Հայաստանն զբաղված էր սխալ որոշումներ կայացնելով ու ներքին խռովությունների կառավարմամբ։ Մյուս կողմից, հավելում է iswnews.com-ը, Բաքուն իր ռազմաքաղաքական կարողություններն ի մի բերելով և համակարգված ծրագրերով՝ պատրաստվում էր նոր պատերազմի։
Ըստ կայքի՝ ուկրաինական պատերազմով և հայաստանյան ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ արցախահայությունը զրկված է քայլեր ձեռնարկելու հնարավորությունից։ Վերոգրյալ փաստարկների հաշվառմամբ՝ իրանական կայքը եզրակացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո, պաշտոնական Բաքուն օրակարգ է մտցնլու «Զանգեզուրի» միջանցքի և Հայաստանի հարավային շրջանների օկուպացիայի հարցը։
Իրան-Հայաստան միջպետական սահմանի նկատմամբ Բաքվի հավակնությունների մասին է գրել նաև իրանական «Շարղ» օրաթերթը։ Ադրբեջանի նախագահի վերջերս արտասանած խոսքերն ագրեսիվ ելույթ անվանելով՝ պարբերականը մեջբերել է «Հայաստանն Ադրբեջանի տարածք» ճանաչելու և Արցախի հարցը լուծելուց հետո «Արևմտյան Հայաստանի» խնդրին անդրադառնալու մասին Ալիևի բարբաջանքները։
Գրիգոր Առաքելյան