Չէ, բայց եկեք մի պահ իսկապես խորանանք այս ամենի մեջ։
Նախընտրական քարոզչության ժամանակ իշխանությունը կանգնում է ժողովրդի առաջ, երկրի և պետության սիմվոլիկան դարձնում է փոքրիկ դեղին պլաստմասե քարտեզ և քաղցրավենիք ու սկսում դա վաճառել մարդկանց վրա՝ որպես ձեռքբերում:
Պատկերացրեք ամբողջ աբսուրդը: Մարդը ապրում է իր տանը, իր հողի վրա, իր երկրում ու ընտրություններից առաջ իշխանությունը գալիս է ու այդ մարդու սեփական տունը սկսում է նրա վրա մեծ էնտուզիազմով վաճառել։ Սա արդեն էն մակարդակի քաղաքական գրոտեսկ է, որ վաղը կարող են քաղաքացու պատուհանից դուրս ցույց տալ իր բակը ու ասել՝ «Տեսա՞ր ինչ լավ բակ ունես քվեարկի՛ր մեզ»։ Կամ մարդու տուն մտնեն, մատով ցույց տան պատը ու ասեն՝ «Տեսա՞ր էս պատը։ Սա քոնն է։ Մենք ենք պահել»։
Հիմա նույնը պետության հետ են անում։
Ցույց են տալիս Հայաստանի դեղին պլաստմասե սիլուետ-քարտեզը՝ ասես նոր են հայտնաբերել, ասես նվեր են բերել ժողովրդին, ասես իրենց քաղաքական գլխավոր ձեռքբերումը հենց այն է, որ Հայաստանը դեռ ամբողջությամբ օդում չի ցրվել։ Ու սա փորձում են վաճառել հպարտության, հաղթանակի ու «պետականության» փաթեթավորմամբ, պարով ուրախությամբ, էքսպրեսիայով:
Պոպուլիզմի ամենաբարձր աստիճանը հենց սա է, երբ իշխանությունն այլևս ապագա չունի վաճառելու, սկսում է մարդու վրա վաճառել այն, ինչն արդեն իրենն է։ Ոչ թե ասում են՝«տեսեք՝ ինչ ենք ստեղծել ու կայացրել, մեծացրել», այլ ասում են՝«տեսեք՝ ինչքանը դեռ չի կորել կամ չենք օտարել» և դա փորձում են ներկայացնել որպես հաջողություն։
Պատկերացրեք քաղաքական ողբերգության չափը: Ստացել էին ավելի մեծ պետություն, ավելի անվտանգ իրականություն, ավելի ծանրակշիռ Հայաստան, իսկ հիմա ժողովրդի առաջ բերել են մնացորդը ու ասում են՝
«պահել ենք էս դեղին պլաստմասն ու դրա քաղցրավենիքը»։
Սա արդեն ոչ թե քարոզչություն է։
Սա հոգեբանական ազդեցության լաբորատորիա է: Մարդուն այնքան երկար են սովորեցրել կորուստների հետ ապրել, որ հիմա փորձում են կորուստը վաճառել որպես ձեռքբերում և շնորհակալ լինել պլաստիկ, դատարկ, էժան փաթեթավորմամբ, բայց քաղցրավենիքի տեսքով պետության ու դա են փորձում վաճառել որպես պետություն, որպես հայրենիք, որպես ազգային հպարտություն։
Հասկանո՞ւմ եք աբսուրդի խորությունը։
Մի ամբողջ երկիր հասցրել են այն աստիճանի սիմվոլիկ փոքրացման, որ այն հիմա տեղավորվում է պլաստմասե դեկորի մակարդակի վրա։
Մարդը ապրում է այդ հողի վրա, այդ երկրի համար կորուստներ է տվել, անվտանգություն է կորցրել, ապագա է կորցրել, հազարավոր ընտանիքներ տուն են կորցրել, մարդիկ հայրենիք են կորցրել, իսկ իրեն հիմա նախընտրական շրջանում ցույց են տալիս փոքրիկ դեղին քարտեզիկ ու Հայաստանի մնացորդի պլաստիկ տարբերակ ու ասում
«Տեսա՞ր… սա Հայաստանն է մեզ ընտրիր»։
Ու ամենադրամատիկն այն է, որ այդ սիմվոլը նույնիսկ ենթագիտակցորեն արդեն «ուտելու» քաղցր օբյեկտ են դարձրել: Հայաստանը վերածել են ընտրական ատրիբուտի՝ լոգոյի, փաթեթավորման, պլաստմասե ապրանքի, քաղցր միրաժի, որը որպես սեփական «արդյունք» մատների մեջ պահում և կրծքներին են փակցնում։
P.S.
Եթե հասարակությունը մի պահ չկանգնի ու չհասկանա այս ողջ աբսուրդի մակարդակը, վաղը կարող են արդեն քարտեզի հաջորդ փոքրացած և դառը տարբերակն էլ բերել ու նույն ոգևորությամբ ասել «տեսեք՝ Հայաստանը դեռ կա շնորհակալ եղեք մեզ»։
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ









