Երբ տարեմուտին Իրանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսով քննարկում էին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման և համատեղ ծրագրերի իրականացման թեմաների շուրջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոսում էր այնպիսի հարցերի մասին, որոնք տրամագծորեն հակասում էին Իրանի ազգային շահերին։ Ադրբեջանի նախագահն «Աշխարհի ադրբեջանցիների» համերաշխության օրվա առիթով դիմելով իր երկրի ազգաբնակչությանը՝ հայտարարել է. «Անկախ Հայաստանի կամքից՝ բացելու ենք Զանգեզուրի միջանցքը»։
Թեհրանում լսեցին Ալիևի ամանորյա հայտարարությունը և ընկալեցին Իրանին ուղղված դրա ենթատեքստը, այն է՝ «անկախ Իրանի կամքից, բացելու ենք Զանգեզուրի միջանցքը»։
Իրանը, իր «կարմիր գծերի» մասին նախկինում հնչեցրած զգուշացումներով հանդերձ, լավ է պատկերացնում «Զանգեզուրյան» միջանցքի բացմանը հակադրվելու հետևանքներն ու վտանգները, որից ելնելով էլ հաճախ է իր պաշտոնական խոսափողերն օգտագործում պատերազմական գործողություններից խուսափելու մասին իր մտադրությունը միջազգային հանրությանը լսելի դարձնելու համար։
Այլ կերպ ասած՝ այս օրերին ներքաղաքական անբարենպաստ պայմաններում գտնվող Իրանը կխուսափի հանուն «Զանգեզուրի»՝ ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ և ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ։ Նման դաշինքի ձևավորումը նաև կհակասի ուկրաինական ճգնաժամի պայմաններում բարելավման նոր փուլ թևակոխած ռուս-իրանական ռազմաքաղաքական համագործակցության, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցում Մոսկվայից Թեհրանի կախվածության տրամաբանություններին։
Այդ իսկ պատճառով, անիրատեսական է «Զանգեզուրյան» միջանցքի հետ կապված Բաքվի ծրագրերի խափանման, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ Արցախի ապաշրջափակման հարցերում ակնկալել իրանական կողմից այնպիսի քայլեր, որոնք կհակասեն Ռուսաստանի շահերին։
Ուստի, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին այս օրերին Հայաստանում հնչող տեսակետները չեն կարող հիմնավոր համարվել, և Երևանը չի կարող բացառապես հույսը դնել Թեհրանի աջակցության վրա։ Իրանից ակնկալվող աջակցությունն ընդամենը կարելի է դիտարկել որպես հայաստանամետ երկրների կողմից ցուցաբերվող օգնության բաղադրիչներից մեկը։
Գրիգոր Առաքելյան