Փաշինյանն ում խոսքերն իր ելույթներում մեջբերում է, նշանակում է՝ նրան է ընդունում ու հավանում, նրա արձանի մոտ էլ պիտի պատվո պահակ կանգնեցվի։
Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154 ամյակն է։ Երևանի Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի պատվանդանի շուրջը, կարմիր գորգ է փռվել, չորս կողմը պատվո պահակներ են կանգնել։
Իհարկե, դժվար չէ կռահել, թե ում հանճարեղ մտահղացումն է՝ Թումանյանի ծննդյան օրը նրա արձանը պատվել պատվո պահակներ կանգնեցնելով ու շուրջբոլորը կարմիր գորգ փռելով։
Եթե Հայաստանի իշխանություններն այդքան հարգում են Թումանյանին, ուրմեն պետք է նաև նրա պատգամները կատարեն թե՛ անձնական կյանքում, թե՛ պետական գործունեության մեջ։
Հովհաննես Թումանյանի արձանի շուրջը պատվո պահակներ կանգնեցնողներին ու կարմիր գորգ փռողներին Azg.am-ը հիշեցնում է նրա նամակը՝ Ավետիք Իսահակյանին։
Երբ Թումանյանի հիշատակը «հարգելու» ձեր այսօրվա «հանճարեղ» մտահղացմամբ հիանաք, զուգահեռաբար կկարդաք նաև այս նամակը։
«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։
Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։
Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։
Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ» ։
09.12.1921 Կ.Պոլիս-Վենետիկ
Նաիր Յան