Քաղաքային իշխանությունը խայտառակ որոշում է կայացրել. սա անիմաստ, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ նորամուծություն է։ Երևանի քաղաքապետարանի մոտ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկանը՝ անդրադառնալով վաղվանից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր 100 դրամանոց մետաղադրամ ունենալու որոշմանը։
Ներկայացնելով որոշման նախաբանը՝ ավագանու անդամը շեշտեց՝ դեռ Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու օրոք «Telcell»-ը պայմանագիր է կնքում Երևանի քաղաքապետարանի հետ առ այն, որ պետք է միասնական տոմսային համակարգ ներդրվի։
«Վերջում պայմանագիրը խզում են, հետո նորից են մրցույթ հայտարարում, նորից «Telcell» ընկերությունն է շահում։
Մեսրոպ Մանուկյանի համոզմամբ՝ պետք էր ի սկզբանե պայմանագիր չկնքել նշված ընկերության հետ։
«Այն ընկերությունը, որը պետք է շահեր, առնվազն 200 նմանատիպ ավտոբուսների մեջ պիտի տեղադրած լիներ այդ սարքերը՝ 3 քաղաքներում, այնինչ «Telcell»-ն ունի զրո փորձ։ Անպայման պետք է Visa, Master, Arca քարտերի հավաստագրում ունենային, բայց մինչև այսօր ընկերությունը չի կարողանում։ Ընկերությունը, սակայն, ասում է՝ ունենք, ասում եմ՝ եկեք, նստենք ավտոբուս, քարտով վճարեմ։ Այնինչ դա չի գործում։
Ընկերությունը պարտավոր էր ավտոբուսների դռների վրա տեղադրել սենսոր համակարգեր, այսինքն՝ երբ մտնում ես ավտոբուս, այն պետք է մարդկանց թվաքանակը հաշվեր՝ ստվերը վերացնելու համար։ Քաղաքապետարանի աշխատակիցները գնացել, առել են կամերաներ, տեղադրել են ավտոբուսներում, սակայն այն կամերաները չեն աշխատում։ Հետևապես այն կեղծ թեզը, թե ստվերի դեմ եք պայքարում, դուք պայքարում ենք ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար։
Իրենք նաև պիտի տեղադրեին ավտոբուսների կառավարման համակարգ, որ մենք իմանայինք՝ արժանապատիվ տրանսպորտ ունենալու համար մեզ քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ»,- նշեց Մանուկյանը՝ նկատելով, որ կոռուպցան պոզով-պոչով չի լինում. պետությունն օգնում է մեկին, որպեսզի նա մենաշնորհ ունենա։
«Կոչ եմ անում, սիրելի՛ երևանցիներ, վաղվանից ցույց տվեք ձեր բանկային քարտերը, և ասեք՝ սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին։ Երևանցիներին կոչ եմ անում, վաղվանից նստեք ավտոբուս, ցույց տվեք բանկային քարտը, պահանջեք այդ սարքավորումը, չկա՝ չվճարեք»,- նշեց ավագանու անդամը։
Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ պետական հովանավորչությամբ և պարտադրանքով մենաշնորհ են ստեղծում Telcell-ի համար։