Երուսաղեմում զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ անդամների վրա. հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել այս հրապարակումից մեկ ժամ առաջ:
Նա մանրամասնել է, որ որոշ քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր ծանր վիրավոր են:
«Ավելի քան 30 դիմակավորված և զինված սադրիչ՝ մահաբեր և ոչ մահաբեր զենքերով, այդ թվում՝ ուժեղ նյարդային նյութերով, որոնք անգործունակ են դարձրել մեր տասնյակ հոգևորականների, ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք և սկսել իրենց դաժան հարձակումը: Կրկին շեշտում ենք՝ ծանր վիրավորումներ են ստացել Հայկական աստվածաբանական ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ, ուսանողներ, բնիկ հայեր։ Երուսաղեմում հայ հոգևորականներն իրենց կյանքի համար պայքարում են ընդդեմ անպատիժ սադրիչների:
Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» վերաբերյալ հայց ներկայացնելու համար, որը դատարանը պաշտոնապես ստացել է 24 ժամ առաջ։ Այսպես են իրավական ընթացակարգերին արձագանքում ավստրալիա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարը (Հադադ)։
Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար:
Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը դաժան կործանումից, որն այստեղ աջակցություն է ստանում անանուն կազմակերպությունների կողմից:
Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա իրենց շարունակական հանցավոր և կարծես թե վերջ չունեցող հարձակումները կազմակերպելու համար:
Իսրայելը օրենքի և կարգուկանոնի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել և մնալ անպատիժ», – ասվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանի հրապարկման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։
Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։