Արցախցի 2 փոքրիկների ողբերգական մահվան լուրը մեկուկես օր շրջանառվեց ու վերջ։ Թեման փակվեց։
Շատերին անգամ չհետաքրքեց՝ ինչու են 3 և 6 տարեկան երեխաները մահացել, ինչպե՞ս են հայտնվել անծանոթ մարդու մեքենայի մեջ, որտե՞ղ էին նրա ծնողները, ինչքա՞ն ժամանակ են նրանք առանց մեծերի խնամքի և ուշադրության մնացել, որ իրենց գյուղից ինքնուրույն գնացել են Մարտակերտ քաղաք, մտել ե օտար մարդու մեքենան, այնտեղ քնել ու շոգից, հեղձուկից մահացել։
Պարզվում է՝ երեխաների մայրը Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից գնացել է քաղաք՝ երեխաների համար սնունդ բերելու։ Քանի որ Արցախում վառելիք չկա, ոտքով է գնացել, ոչ թե մեքենայով։ Այդ ընթացքում երեխաները մենակ են մնացել։ Եթե վառելիք լիներ, մայրը մեքենայով կգնար Մարտակերտ ու արագ կվերադառնար, երեխաները տևական ժամանակ չէին մնա առանց ծնողի ուշադրության, և այս ողբերգական դեպքը տեղի չէր ունենա։
Մի պահ պատկերացնենք՝ Արցախն է շրջափակել Ադրբեջանին, ու այս դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանում. մարդու իրավունքների պաշտպանները, արտգործնախարարությունը, մեջլիսը, ՄԻՊ-ը նամակ՝ նամակի հետևից, բողոք՝ բողոքի հետևից ամբողջ աշխարհը կթանդացնեին, Եվրամիությանը, Պետքարտուղարությանը «ցցին կհանեին», մահացած երեխաների լուսնակարներով ցույցեր կկազմակերպեին, օտարալեզու լրատվամիջոցներին կստիպեին ռեպորտաժներ պատրաստել, թե վառելիք ու սնունդ չլինելու պատճառով երեխաներ են մահացել Ադրբեջանում։
Փաստացի ադրբեջանական սադիզմի, ցեղասպան քաղաքականության պատճառով երկու հայ երեխա է մահացել։ Չլիներ շրջափակումը, չէր լինի այս դեպքը։ Բայց ո՞վ բողոքեց ու բարձրաձայնեց, Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք ծպտուն հանեցի՞ն երկու երեխայի մահվան կապակցությամբ։ Բողոքի ոչ մի նոտա Ադրբեջանին կամ միջազգային կառույցներին, մինչդեռ Հայաստանի ու Արցախի բարձրագույն ներկայացուցիչները պետք է բողոքի հարցազրույցներ տային, տեսակապերով ցնցեին միջազգային լրատվամիջոցները, ստիպեին նրանց հետարքրվել, թե ինչ ողբերգություն է կատարվել շրջափակված Արցախում և ում պատճառով։
Փոքրիկները չեն մահացել, նրանց սպանել է Ադրբեջանը, սպանել է Ալիևը, սպանել են Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր անող քաղաքական, հանրային բոլոր գործիչները, որովհետև եթե կոչը գործողության չի վերածվում, ուրեմն այն ընդամենը աճպարարություն է, աչքկապոցի։
Մարտակերտցի երկու փոքրիկներին սպանել ենք բոլորս՝ մեր անտարբերությամբ, անգործությամբ, անզորությունը պաշտպանական պատնեշ սարքած մեր ապիկարությամբ, որ իշխանական ճամբարից դեռ լսում ենք Արցախն Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության պայմանագիր կնքելու կոչերը, լսում ու հանդուժում ենք՝ չկասկածելով, որ վաղը նոր զոհեր են լինելու, իսկ դրանից իշխանության ամենաբարձր ներկայացուցչից մինչևպետական կառույցի ինչ-որ բաժնի կրտսեր մասնագետ, հոնքն էլ չեն շարժելու, թե այս ամենի մեղավորն ու պատասխանատուն իրենք են՝ բոլորը միասին, կոլեկտիվ հայտով։