Ադրբեջանը բավական լուրջ անհանգստանում է Հայաստանի հնարավոր ռևանշիզմից և ցանկանում է ոչնչացնել ցանկացած ձևաչափ, միջազգային կամ տեղական ցանկացած հնարավորություն, որը կարող է ինչ-որ կերպ ասոցացվել Արցախի խնդրի հետ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար։
«Այստեղ հարցն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն զբաղվել է Արցախի հարցով։ Ըստ Բաքվի տրամաբանության՝ եթե այդ ձևաչափն այլևս չլինի, ապա նաև Արցախի խնդրի վերաբերյալ մեկ հարթակ ևս գոյություն չի ունենա։
Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի գործողություններին, կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի թե՛ ձևաչափը, թե՛ կազմը Հայաստանի կողմից հաստատելն ի սկզբանե սխալ որոշում է եղել, որովհետև այդ կառույցը փաստացի Արցախի խնդիրը դարձրել է տարածքային վեճ։
Այս խումբը ձևավորվել է Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբում Արցախի անդամության մասին ընդհանրապես խոսք չկա և չի եղել»,- հիշեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ ՄԽ անդամ երկրները առավելապես զբաղվել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացով, ոչ թե Արցախի իրավունքները դիտարկելու հարցով։
Ըստ Ռոբերտ Ղևոնդյանի՝ այսօր մենք այդ ամենի հետևանքները տեսնում ենք, և ըստ այդմ՝ Հայաստանի համար ՄԽ ռեինկարնացիան կլինի երկրորդ անգամ նույն եղանի վրա կանգնելու նման մի բան։
«Մենք մեկ անգամ արդեն կանգնել ենք, և դա հարվածել է մեզ։ Երկրորդ անգամ դա անելն ուղղակի հիմարություն կլինի։ Կարծում եմ՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունենա, Արցախի խնդիրը մարդու իրավունքների տեսանկյունից ներկայացնելու համար ավելի մեծ հնարավորություններ կլինեն, քան եթե մենք փորձենք ևս մեկ անգամ օգտագործել Մինսկի խումբը։
Այնպես որ, եթե Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի ՄԽ-ն չլինի, Հայաստանը կարող է քննարկել դա և նաև այդ հարցը վաճառել Ադրբեջանի վրա։ Ի վերջո, իմ համոզմամբ, Հայաստանի համար ավելի լավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունենա։ Բայց եթե Ադրբեջանը գտնում է, որ այդ հարցը Հայաստանի համար նախապայման է, ապա պաշտոնական Երևանը կարող է այդ նախապայմանի դեմ իր նախապայմաններն առաջարկել, կամ այդ նախապայմանը կատարելու համար իր գինն առաջարկել»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է՝ նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:
«Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, դա ֆորմալ առումով անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով դեռևս գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա էլ ինչի՞ համար է այն անհրաժեշտ»,- ասել է Ալիևը։