ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նորից տեսաուղերձով անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին:
«Ես զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար: Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր, այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, ԱԳ նախարարության հայտարարությունը կամ ԱԳ նախարարի Ժնևի ելությում, ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն և արդյունք են միայն ու միայն վերջին շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից բողոքի և ինչ-որ տեղ նաև ցասումի հետևանք:
«1.5 տարի պետք է լինի, որ այդ տղաներն անօրինաբար Բաքվի բանտում են, և ՀՀ իշխանությունները, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցն այդ մեծ հնարավորության կորուստն էր, որ ԱԳՆ-ն բաց թողեց իր ձեռքից՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով այս հարցին:
Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման, միգուցե խոշտանգումների ներքո ասաց՝ սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, և դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել: Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկախ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,- ընդգծեց նա: