«Վարչապետն ասել է 10 քկմ. դա սեպտեմբերին տեղի ունեցած գործողություններից հետո է ավելացել։ Իսկ մինչ այդ, եղել է 40 քկմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Իսկ ընդհանուր առմամբ 2021-ի մայիսից մինչ օրս ադրբեջանական զինուժը ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է մոտավորապես 127 քկմ տարածք։
Քանի՞ դիրք է գրավել Ադրբեջանը, ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ քպ-ական պատգամավորն ասաց՝ չգիտի, չի հաշվել։
«Ես 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանում, տեսել եմ, որ մեր զորքը գտնվում է նոր դիրքրեւոմ և այնտեղ ինժեներական աշխատանքը 80 տոկոսով կատարված է։ Նոր առաջնագիծ է ձևավորվել։ Նահանջ չի եղել, նրանք հարձակվել են մեր տարածքների վրա և գրավել են»,- ասաց Մելքոնյանը։
Այն, որ ադրբեջանցիները գրաված տարածքներում նոր դիրքեր են դրել, ծանր տեխնիկա են բերել ու ամրաշինական աշխատանք են կատարում, գեներալ-լեյտենանտը չհերքեց։ Ավելին՝ հաստատեց՝ իրենց կողմից էլ են ամրաշինական աշխատանքներ կատարվում, մեր կողմից էլ են կատարվում։ Թշնամին հիմնականում արևելյան հատվածում և Սոթքի կողմից է առաջ եկել ու ամրանում է։
«Նրանք որ առաջ են եկել, մեր հենակետերը պայքարել են մինչև վերջ, չեն նահանջել, զոհվել են։ Զոհվածները հիմա գտնվում են նրանց գրաված տարածքներում։ Հիմա բանակցություններ են տարվում, որ զոհվածներին բերենք»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։
Հարցին, թե ինչու մինչև հիմա բանակցություններն արդյունք չեն տվել, քպ-ական պատգամավորը պատասխանեց՝ դու Ալիևին հարցրու։
«Սահմանագծման, սահմանազատման, խաղաղության պայմանագիր է կնքվելու, որ արդեն մեր ձեռքին չի, խոշոր տերությունների ձեռքին է։ Մենք պետք է այդ ձեռքը բռնենք։ Մենք ուզում ենք 1991 թվականի սահմաններով մեր երկիրն ունենանք։ Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ, խաղաղության պայմանագիր կնքենք։ Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարվա վերջ պիտի էդ պայմանագիրը կնքենք. կլինի, թե չի լինի, չգիտենք։ Ալիևի հոխորտալուց երևում է, որ մինչև տարեվերջ դժվար կարողանանք խաղաղության պայմանագիր կնքենք»,-հայտնեց Մելքոնյանը։
Անկախ ամեն ինչից՝ պիտի միասնական լինենք, մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գալու մեզ համար կռվի։ Քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք. փոքր-ինչ վրդովվեց քպ-ական պատգամավորը՝ հայտնի չէ, թե ինչ նկատի ունենալով։