«Տեր ունեցողին տերն է տարել, անտերին`գելը»:
(ժողովրդական)
Երեկ, հերթական անգամ Կոմիտասի անվան զբոսայգի այցելելիս, մոտենալով զբոսայգու կենտրոնական մասում թաղված բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանին` ցնցվեցի ու ապշահար եղա: Նրա մահարձանի բրոնզյա կիսանդրին չկար: Հերթական առևանգումը:
Չնայած լրատվությանը կանոնավոր հետևում եմ (հատկապես` հուշարձաններին վերաբերող հարցերին), տեսածս ինձ համար անակնկալ էր: Չգիտեմ` այս հերթական գողությունը վերջին մեկ տարվա ընթացքում եր՞բ է կատարվել, եղե՞լ են այդ առիթով հրապարակումներ, թե ոչ:Այս հարցերով վերջին երեսուն տարիներին այնքան շատ է գրվել ու խոսվել, նոր բան չեմ կարող ասել … Միայն մեկ բառ «ա ն պ ա տ ժ ե լ ի ո ւ թ յ ո ւ ն»: Պետք է խստագույնս պատժել և գողացող վանդալներին և նրանց գործընկերներին` քանդակները որպես գունավոր մետաղի ջարդոն ընդունողներին։
* * *Ուզում եմ ընթերցողին նույնությամբ ներկայացնել իմ «Երևանի արձանները» եռալեզու լազերային սկավառակի 2-րդ հատորից «Շուշանիկ Կուրղինյան» պարագրաֆը;ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ (1876 -1927)ԲանաստեղծուհիԲանաստեղծություններն ու արձակ գործերը նվիրված են սոցիալական անարդարության և բռնության դեմ պայքարին, սոցիալիստական հեղափոխությանը («Ետ տար քո խաչը», «Բանվորները», «Հանգցրեք ջահերը»), կնոջ իրավունքների պաշտպանությանը («Գեղջկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ… »): Լույս է ընծայել «Արշալույսի ղողանջներ» (1907 թ.) ժողովածուն: Գրել է նաև պիեսներ:
Շուշանիկ Կուրղինյանի մահարձանը դրվել է 1952 թ., նյութը` բրոնզ, գրանիտ է, բարձրությունը` 3 մ: Քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան (հեղինակը հայտնի «Ղարաբաղցիները» կամ «Պապիկ, տատիկը»), ճարտարապետ` Ջիմ Թորոսյան:
Ընթերցողին տեղեկացնեմ, որ մայրաքաղաքի զբոսայգիներում երեք մահարձան կար։ Բացի Շուշանիկ Կուրղինյանից նաև գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի (1899 -1942) մահարձանը Մանկական այգում (քանդակագործ`Արա Հարությունյան, ճարտարապետ` Ս. Ներսիսյան) և Լիպարիտ Մխչյանի բազալտե մահարձանը Երևանի 26 կոմիսարների անվան զբոսայգում (այժմ՝ Անգլիական այգի)։ Արձանի հեղինակն ինձ անհայտ է, քանի որ Երևանի հուշարձանների նոր ցանկում չի ընդգրկվել, հավանաբար 1920 թ․ Հայաստանում քաղաքացիական պատերազմին նրա մասնակցելու պատճառով: Զոհվել է 1921 թվականի փետրվարյան ապստամբության ժամանակ)։ Նրան է նվիրված Եղիշե Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բանաստեղծությունը։
Արտյուշ Խանջյան– լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն», «Երևանի արձանները», «Հին ու նոր Երևան», «Երևանի եկեղեցիները» և այլ գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ։