Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ արցախյան խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, մեկ անգամ ևս ապացուցում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է՝ շուրջ մեկ տարի առաջ հայտարարելով, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Իհարկե, Շոլցի հայտարարությամբ չէր, որ այս բացահայտումը պետք է տեղի ունենար, քանի որ մենք բազմիցս ասել ենք՝ ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջ չկա. եթե կա, թող Փաշինյանը կոնկրետ նշի, թե որն է այդ «միջազգային հանրությունը»։ Նույն միջազգային հանրությունից՝ Ռուսաստանից, արևմտյան երկրներից, մենք միշտ լսել ենք լրիվ այլ կարծիք, այն է՝ միջազգային հանրությունը հարգում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- ասաց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ոչ ոք չի կարող արցախցուց խլել իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում իշխում են օտարածին ուժեր, որոնք բանակցային գործընթացից դուրս են թողել բանակցությունների հիմքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Նշաձողի իջեցումը ոչ թե միջազգային հանրության պահանջով է, այլ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, որովհետև Գերմանիայի կանցլերի հետ երեկվա հանդիպումը ակնհայտ ցույց էր տալիս, որ միջազգային հնարության ներկայացուցիչը խոսում էր արցախցիների շահերից, իսկ հայկական կողմի շահերը ներկայացնողը՝ չեղարկում դրանք։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կա հակահայ ինչ-որ գործընթաց՝ բանակցային գործընթացը թեքելով ի վնաս հայկական երկու պետությունների։
Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի տարատեսակ ստեր հորինել և մոլորեցնել հայ հասարակությանը, միևնույն է՝ այդ ստերը մի օր անպայման բացահայտվելու են։
Այս պահին Արցախի փրկության ճանապարհներն ավելի ակնհայտ և շոշափելի են դառնում, պարզապես դրանք իրագործելու համար Հայաստանում և Արցախում չպետք է ունենանք այնպիսի իշխանություններ, որոնք հիմա կան։ Նրանցից օր առաջ պետք է ազատվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Վերջում մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ԱՀ նախագահի՝ օրեր առաջ հնչեցրած այն մտքին, որ ինքը պայքարում է, և այդ պայքարն Արցախի կարմիր գծերն են։
«Առ այսօր մենք չգիտենք, թե ըստ Արայիկ Հարությանյանի՝ որո՞նք են այդ կարմիր գծերը։ Երեկ Գերմանիայի կանցլերի հետ Փաշինյանի հանդիպումը լավ առիթ էր, որպեսզի Հարությունյանը սաստեր իր հայաստանցի գործընկերոջը՝ հարգելու Արցախի կարմիր գծերը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։