Ինչպես արդեն նշել էինք, փետրվարի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր. «Հստակ գիտեմ, թե ինչքան եք ուզում խառնել Թուրքիան: Ձեր այդ կեղտոտ ձեռքներն ու դիմակավոր չարահեգնական դեմքը հեռու տարեք Թուրքիայից»: Ապա նա ԱՄՆ-ին մեղադրել էր երկրում գործող իշխանություններին տապալելու և hեղաշրջում կազմակերպելու ձեռնարկումների մեջ: Դրանից մեկ օր առաջ նույն Սոյլուն ասել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ է մղում: Նախարար Սոյլուի այս հայտարությունները Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան՝ հունվարի 30-ին թարմացված, դեկտեմբերի 27-ի հաղորդագրության լկտի արձագանքներն էին այն առումով, որ հաղորդագրությունից հետո Միացյալ Նահանգների գլխավորությամբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բելգիան և Շվեյցարիան ժամանակվորապես փակեցին իրենց գլխավոր հյուպատոսարանները Ստամբուլում: Միաժամանակ ուսուցումը դադարեցրեց նաև ֆրանսիական Բեյօղլու թաղի Պիեռ Լոտի դպրոցը:
Ինչպես թուքական «Ջումհուրիյեթ»-ն է նշել հունվարի 30-ի համարում, ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրությամբ նախազգուշացրել է իր քաղաքացիներին «ահաբեկչական հնարավոր հարձակումների» մասին՝ ավելացնելով, որ վերջիններս հեռու մնան «Թաքսիմ» հրապարակի շրջակայքի պես մարդաշատ վայրերից, որտեղ տեղակայված են օտարերկրյա հյուպատոսարանները, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունները, քրիստոնեական եկեղեցիներն ու սինագոգները:
Հատկանշական է, որ փետրվարի 2-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահությանը հարցապնդում է ներկայացրել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանը. «Ճի՞շտ են արդյոք ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչական հարձակումների կազմակերպման մասին պնդումները և ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք ձեռնարկում»:
Սոյլուն չի պատասխանել հարցապնդմանը, բայց որ Փայլանը դրանով հաստատել է ԱՄՆ-ի դեսպանատան՝ «Ստամբուլում ահաբեկչական գործողությունների կազմակերման ծրագրերին» առնչվող կանխատեսումների իսկությունը, ակնհայտ է:
Խնդիրը, սակայն, սոսկ դեսպանատան կանխատեսումներով չի սահմանափակվում: Որքան էլ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դրանք պայմանավորի «Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած հոգեբանական պատերազմով», կամ ի լուր աշխարհի՝ հայտարարի. «Մեր երկրում նշանակվող յուրաքանչյուր ամերիկյան դեսպան իսկույն հայտնվում է Թուրքիայում գործող իշխանությունը տապալելու կամ հեղաշրջում կազմակերպելու մտմտանքների մեջ. այս հանգամանքը, թերևս, Թուրքիայի հիմնական անբախտությունն է», ավելին՝ դեսպան Ջեֆրի Լ. Ֆլեյքին «իր կեղտոտ ձեռքերը» Թուրքիայից հոռու պահելու կոչեր անի, այնուամենայնիվ, փետրվարի 4-ին նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները Շվեդիայի և Նիդեռլանդների հյուպատոսանների, ինչպես նաև եկեղեցիների և սինագոգների դեմ ահաբեկչական գործողություններ պատրաստելու կասկածանքով Ստամբուլում ձերբակալում են Իրաք-Շամ իսլամական պետության խորասանյան մասնաճյուղի անդամ 15 ահաբեկչի: Նրանք արդեն կալանված են:
Այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղարությունը, ի գիտություն թուրքական իշխանությունների, հայտարարում է. «Անընդունելի են ԱՄՆ-ի վարչակարգին հասցեագրված Թուրքիան խառնելու մասին մեղադրանքները: ԱՄՆ-ն ավելի կարևոր առաջնահերթություն, քան իր քաղաքացիների անվտանգությունն է, չունի: Ամերիկյան պետությունը իր քաղաքացիներին զգուշացնում է՝ անկախ այս կամ այն պետության հետ ունեցած երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների բնույթից»:
Հակոբ Չաքրյան, թուրքագետ