«Ակն ընդ ական» կազմակերպության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հրապարակելով ադրբեջանցիների կողմից օկուպացված Աղավնո գյուղի լուսանկարը։
«Մաթեմատիկայի ուսուցչուհի տիկին Հասմիկի տունը չկա։
Աղավնոն քանդում են»,-գրել է Հովհաննես Իշխանյանը։
Եթե համեմատում ենք Աղավնոյի՝ մինչ ադրբեջանցիների կողմից օկուպացված լինելը և այսօրվա լուսանկարները, ակնհայտ է, որ թշնամին պղծել է հայկական գյուղը։ Ադրբեջանցիների հրապարակած լուսանկարում երևում են քանդված տների հետքերը։ Մի ժամանակ կողք կողքի շարված կոկիկ, ակնահաճո տների տեղում հիմա շինարարական աղբի կույտեր են։
Հիշեցնենք, որ Հայաստանի, ինչպես նաև Արցախի իշխանությունները՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի, Աղավնոյի բնակիչներին թույլ չէին տվել գյուղը լքելուց առաջ քանդել, հրդեհել իրենց տները։ Հակառակ դեպքում՝ նրանց կզրկեին աջակցությունից ու կացարան ունենալու հնարավորությունից։
Աղավնոն 2022 թվականի օգոստոսին հանձնվեց Ադրբեջանին՝ ապրելու համար լիարժեք, անթերի պայմաններով՝ նորակառույց տներով, դպրոցով։
Ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները նույն ձեռագրով ու մարմաջով նաև Աղավնոյից են ջնջում հայկական հետքը։