«Լինքդին Նյուզը» ուշադրությամբ հետեւում է ՏՏ ոլորտում տիրող իրավիճակին, հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ հսկայական չափերի հասնող կրճատումներ են սկսվել։
«Թվիթերը» կրճատել է իր 7500 աշխատակիցների 50 տոկոսին՝ 3700 աշխատակցի. հաստատել է ընկերության անվտանգության եւ ինտեգրացիայի ղեկավարը։ Ընկերությունը վերջերս ձեռք բերած Իլոն Մասկը հայտնել է, որ նրանց, որպես փոխհատուցում, կտրվի երեք ամսվա աշխատավարձ։ Համաձայն «Բլումբերգի»՝ «Ուորներ Բրազ․ Փիքչերսը» մոտ ժամանակներս կկրճատի աշխատակիցների որոշակի հատվածին․ նրանց թվի մասին, այնուամենայնիվ, տվյալները դեռ չեն հրապարակվում։ Սան Ֆրանցիսկոյում տեղակայված «Աֆֆիրմ» հարթակը, որն աշխատում է «Գնիր հիմա, վճարիր հետո» սկզբունքով, նույնպես պատրաստվում է կրճատել մեծ թվով աշխատակիցների։
Համաձայն «Ուոլ Սթրիթ Ջորնլի»՝ կրճատումներ են կատարվելու նաեւ «Լյուֆթ» ընկերությունում, ընդ որում՝ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։ Կկրճատվի աշխատակիցների 13 տոկոսը՝ մոտ 500 աշխատակից։ «Թեք Քրանչը» տեղեկացնում է, որ «Չայմ» թվային բանկային համակարգը շուտով կկրճատի աշխատակիցների 12 տոկոսին՝ մոտ 160 հոգու։ Ավելի խոշորամասշտաբ կրճատումներ են թվային վճարումների հսկայում՝ «Սթրայփում»։ Հարթակը կկրճատի աշխատակիցների ընդհանուր թվի 14 տոկոսին. տեղեկացնում է գործադիր տնօրեն Պատրիկ Քոլայզընը։
Համաձայն նույն «Բլումբերգի»՝ խոսքը մոտ 1000 աշխատակցի մասին է։ Կանադայում հիմնադրված «Հութսյուիթ» սոցիալական մեդիա-հարթակը օգոստոսից ի վեր երկրորդ անգամ է գնում կրճատումների․ այս անգամ կկրճատվի աշխատակիցների 5 տոկոսը։ Անշարժ գույքի շուկայում մասնագիտացող «Օփընդոր» օնլայն հարթակը կկրճատի մոտ 550 աշխատակցի՝ աշխատակազմի 18 տոկոսին։ Այդ մասին էլեկտրոնային գրառմամբ տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Վյուն։ Տվյալագիտության ոլորտում մասնագիտացող «Օրաքլ» ընկերությունը նոյեմբերի մեկին լրիվ անսպասելիորեն կրճատել է մոտ 200 աշխատակցի. տեղեկացնում է «Բիզնես Ինսայդեր»-ը։ Սան-Ֆրանցիսկոյում հիմնադրված ծրագրային ապահովման «Գեմ» ընկերությունը կրճատել է աշխատակիցների 1/3-ին՝ մոտ 100 հոգու։
Սրանք միայն նոյեմբերի տվյալներն են։ Մինչ այդ՝ հոկտեմբերին, նույնպես բազմաթիվ ՏՏ ընկերություններում կրճատումներ են կատարվել։ Անշարժ գույքի շուկայում մասնագիտացած «Զիլլոու» հարթակը կրճատել է 300 աշխատակցի։ Այս տարվա ընթացքում սա նրանց երկրորդ կրճատումն էր։ «Սերեբրալ» հոգեկան առողջության ոլորտում աշխատող ստարտափը կրճատել է աշխատակիցների 20 տոկոսին։ «Ֆիլիպս» դանիական ընկերությունում, վաճառքի տոկոսների նվազմանը զուգընթաց, կրճատվել է մոտ 4000 աշխատատեղ՝ աշխատակիցների 5 տոկոսը։ Առաքումներով զբաղվող «Գոփաֆ» ընկերությունում, համաձայն «Բլումբերգ» գործակալության, 250 աշխատատեղ է կրճատվել։ «Մայքրոսոֆթը» աշխատանքից ազատել է իր աշխատակիցներից 1000 հոգու, «Ուորներ Բրազերս դիսքավըրին» կրճատել է 80 աշխատացի։ «Ջեներալ էլեկտրիկը» հարյուրավոր աշխատատեղեր է կրճատել միայն ԱՄՆ-ում։
Միայն 2022թ․ չորս փուլով կրճատումներ են կատարվել նաեւ «Փելոթոն» ընկերությունում։ Վերջին ալիքով կրճատվել է մոտ 500 աշխատակից՝ աշխատուժի ընդհանուր թվի 12 տոկոսը։ Ընդհանուր հաշվով միայն ԱՄՆ-ում հոկտեմբերի վերջի դրությամբ կրճատվել է ՏՏ ոլորտի 52 000 աշխատատեղ. տեղեկացնում է «Քրանչբեյզ» հարթակը։ Այնպիսի հսկա, ինչպիսին է, օրինակ, «Նեթֆլիքսը», դա բացատրում է Քովիդ 19 համավարակի ունեցած բացասական հետեւանքներով, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության մեջ այս պահին գոյություն ունեցող բազմաթիվ բարդություններով։ Որպես ճգնաժամի պատճառ՝ ընկերությունները նշում են նաեւ վերջին տարիների արագընթաց զարգացման պայմաններում ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատակազմերի ուռճացվածությունը։
Ռուզան Ազիզյան