ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմայի շուրջ ՀՀ իշխանություններն իրենց հպանցիկ համաձայնությունը հայտնել են դեռ ամիսներ առաջ. հենց ԱԺ նախագահն է նշել, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, ուրեմն այդ կառույցի կարիքը ևս չկա (Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, Մինսկի խմբի իմաստը կորչում է՝ խմբ), Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար։
«Կարելի է ասել՝ ՀՀ իշխանությունների արձագանքն Ալիևի այս պահանջին դրական է։ Երբ Ադրբեջանն ասում է, որ խաղաղության պայմանագրի կնքման համար երկու խոչընդոտ կա, իրականում ներկայացնում է բազմաթիվ այլ պահանջներ, և այդ պահանջները երկուսը չեն, շատ են։ Օրինակ՝ նրանք նաև ասում են, որ հայ-ադրբեջանական սահմանից պետք է հեռացվեն ԵՄ դիտորդները, նրանք ասում են, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան, ասում են, որ պետք է անխոչընդոտ կապ լինի Նախիջևանի հետ, ասում են, որ պետք է փոխհատուցվի «30-ամյա օկուպացիան», այսինքն՝ Ադրբեջանը բարձրացնում ռեպարացիաների հարցը։
Տեսնում ենք, որ նրանց պահանջները ոչ թե երկուսն են, այլ վեցը, յոթը, վաղը կարող են էլի լինել։ Ադրբեջանական կողմը, այս բոլորի հետ մեկտեղ, պահանջում է, որ Հայաստանը սպառազինություններ ձեռք չբերի, անուղղակիորեն պահանջում է, որ վերահսկի ՀՀ ռազմական պոտենցիալի զարգացման ցանկացած փորձ։ Այլ հարց է, թե Ադրբեջանն իր այս պահանջներից որոնք է ցանկանում ամրագրված տեսնել խաղաղության պայմանագրում և որոնք է ակնկալում այլ մեխանիզմներով ստանալ արդեն պայմանագրի կնքումից հետո»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Օրինակ, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը կարող է փախստականների պահանջն անմիջականորեն չներառել խաղաղության պայմանագրում, սակայն հետագայում՝ կողմերի միջև հաղորդակցության ուղիների բացվելու, մարդու իրավունքների պատրվակով ադրբեջանցի փախստականների վերադարձ պահանջել։
«Նույնը փոխհատուցումների թեման. ադրբեջանցիները չեն պահանջի, որ այդ կետն ուղղակիորեն ներառվի պայմանագրում, այլ հետագայում հղում անելով միջազգային նորմերին՝ կբարձրացնեն այդ հարցը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ քաղաքագետի՝ Ալիևն իրական վտանգ է զգում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունից, որովհետև քանի դեռ՝ թեկուզ ձևականորեն այս կառույցը կա, նշանակում է՝ դեռևս կա նաև Արցախի հարցը։
«Ընդ որում՝ դա միջազգային հարց է, ոչ թե Ադրբեջանի ներքին հարցը։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն վերջերս բաց տեքստով հայտարարեց, թե ինչու է Ադրբեջանը շտապում մեկընդմիշտ լուծել Մինսկի խմբի հարցը։ Նա ասաց, որ իրենք պատերազմում հաղթել են և լուծել են Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետև միջազգային իրավիճակը նպաստավոր էր, ուժերի հարաբերակցությունը՝ բարենպաստ։ Բայց վաղը-մյուս օրն ամեն ինչ կարող է փոխվել, դրա համար էլ իրենք շտապում են։ Շտապելու քայլերից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելն ու ղարաբաղյան խնդիրը վերջնականապես փակելն է»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է՝ նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:
«Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, դա ֆորմալ առումով անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով դեռևս գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա էլ ինչի՞ համար է այն անհրաժեշտ»,- ասել է Ալիևը։