Ադրբեջանական կողմը բազմիցս է հայտրարել, պահանջել, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա։
2022 թվականի դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն ասաց. «Վարդանյանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում «խնդիրներ է ստեղծում տեղացի բնակչության համար, խոչընդոտում է քաղաքացիների վերաինտեգրմանը։ Նրա գործողությունները հանցավոր բնույթ են կրում, ուստի պետք է վերջ տալ, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Մինչ նրա ժամանելը, դրական շփումներ կային, իսկ այդ գործոնը շատ ոչնչացնող է և խախտում է կայունությունը»։
ՌԴ արտգործնախարարն էլ կարծես արդարացավ Բայրամովի մոտ, թե իրենք կապ չունեն այն մարդու հետ, որն Ադրբեջանի սրտով չէ։
«Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»,- հայտարարեց Լավրովը։
Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի համար անցանկալի անձ լինելու մասին մեկ ագամ ևս հայտարարվեց Մյունխենում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դիմաց նստած, հայտարարեց. «Մենք պատրաստ ենք դա անել, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, ծնվել են Ղարաբաղում, բայց ոչ այն անձի հետ, ով ներմուծվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։ Գուցե ներմուծվելը ճիշտ բառ չէ, ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով ներմուծելը, որովհետև ոչ ոք չգիտի, ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, ինչպես է նրան հաջողվում ետ գնալ Երևան, հետո Մոսկվա, հետո էլի Երևանով գալ Ղարաբաղ։ Միայն այս փաստը ցույց է տալիս, որ չկա շրջափակում… Մենք պատրաստ ենք սկսել գործնական քննարկումներ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ես դա ասել եմ իմ հայ գործընկերոջը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ, բայց դա կանենք այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ Վարդանյանը հեռանա մեր տարածքից»։
Մյունխենյան հանդիպումից երկու օր է անցել. Ռուբեն Վարդանյանին պաշտպանել են միայն Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը և Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ նշելով, որ Արցախից բացի, ուրիշ ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե ով կլինի Արցախի պետնախարարը։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում նստած էր Ալիևի դիմաց, լսեց, թե նա ինչ ասաց Ռուբեն Վարդանյանի մասին, բայց չհակադարձեց, ծպտուն չհանեց, նրա բերանը չծեփեց՝ արցախցիներից բացի, ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե ով է լինելու Արցախի պետնախարարը, առավել ևս՝ դո՛ւ, որ շարունակում ես պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը հայերի նկատմամբ, 2 ամսից ավելի՝ շրջափակված ես պահում Արցախը։ Ռուբեն Վարդանյանին «քրեական օլիգարխ» ես անվանում, երբ ինքդ մինչև կոկորդդ թաղված ես քրեաօլիգարխիկ պատմությունների մեջ, երբ ԵԽԽՎ-ում դատական գործեր են ընթանում այն պատգամավորների դեմ, որոնց դու կաշառել ես խավիարով, գումարով, Rolex ժամացույցներով, անգամ՝ մարմնավաճառներով։ 30 միլիոն եվրոյի «խավիարային դիվանագիտություն» ես իրականացրել ԵԽ պատգամավորների հետ. փաստերը «Եվրոպական կայունության նախաձեռնության» բազմահատորանոց զեկույցներում են։
Այսօր Արցախում տոնում էին Շարժման 35 ամյակը. առերևույթ՝ ուրախ, իրականում Ստեփանակերտի պաշտոնյաների կաբինետներում եռուն խոսակցություններ են շրջանառվել. օդում է զգացվում վերահաս վտանգը՝ Ռուբեն Վարդանյանին հանելո՞ւ են։
Եվ հանելու են դրսի՞ հրահանգով, առնվազն՝ Ալիևի։
Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցն օդում կախված է դեռ հունվարից։ Վերջին օրերին այն ավելի է ակտիվացել։ Անգամ Սամվել Բաբայանի անունն էր շրջանառվում, թե «դրսից» նրան են տեսնում Արցախի պետնախարարի պաշտոնում, ավելի շուտ՝ նրան են նախընտրում։ Սամվել Բաբայանը հերքել է իր՝ քաղաքականություն մտնելու մասին լուրերը։
Հիմա էլ այլ անուն է շրջանառվում՝ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյան։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ երեկ հայտարարել է, թե փետրվարի 23-ին հանդես կգա տեսաուղերձով։ Իրադարձությունների զարգացումը ստիպում է ենթադրել, որ նա կխոսի նաև Ռուբեն Վարդանյանի մասին։ Բայց ի՞նչ կխոսի. արդյո՞ք նրա պաշտոնանկության մասին։
Եվ ի՞նչ է ստացվում՝ Ալիևի սրտի ցանկությունը, նրա քմահաճույքը, վրդովմունքը, դժգոհությունը պիտի բավարարվի՞։
Եթե՝ այո, ապա այս ամենը հիշեցնում է մեր՝ պետություն ու պետականություն չունենալու դարաշրջանները, երբ թշնամին էր որոշում, թե ով է լինելու հայերի ձևական, դրածո «թագավորը»։
Նաիր Յան