Ադրբեջանցիները թույլ են տվել արցախցի տղամարդկանց հեռանալ Արցախից մի պայմանով՝ լիովին զինաթափվել։
Արցախից բռնի տեղանահված տղամարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց անունները հայտնել, պատմում են, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրենց մեքենաները, տղամարդկանց հրահանգում դուրս գալ, մի քանի մետր քայլել են տալիս, հետո ստիպում, որ տեսախցիկի առաջ հայտարարեն, թե իրենց կամքով են լքում Արցախը, ոչ ոք չի ստիպել իրենց դուրս գալ Արցախից։
Հոգեբանական ճնշման տակ, երբ ավտոմեքենայի մեջ սպասում է մի ամբողջ ընտանիք՝ երեխաներոով հանդերձ, բնականաբար, արցախցի տղամարդիկ ստիպված են լինում կրկնել ադրբեջանցիների հրահանգները, որպեսզի ողջ մնան թե՛ իրենք, թե՛ ընտանիքը։
Կասկած չկա, որ «ինքնակամ» գաղթական, տնավեր ու բնավեր դառնալու մասին տեսանյութերն Ադրբեջանն օգտագործելու է «մաքրագործվելու ու մեղքազերծվելու» համար՝ իբր որպես ապացույց ցույց տալու միջազգային հանրությանը, թե արցախցիների նկատմամբ Բաքուն ոչ մի բռնաճնշում չի օգտագործել, չի ստիպել դուրս գալ իրենց Հայրենիքից։
Իբր արցախցիներն իրենք են ընտրել իրենց հողը լքելու ճանապարհը։