ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ
Մեզանում երկար ժամանակ սպասված էին առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը: Ներկայումս հանրության քննարկման է ներկայացված մի նախագիծ, որը մշակվել և կազմվել է տևական ժամանակահատվածում: Նախագիծն անշուշտ ունի բազում դրական կողմեր, նորարարական շունչ և նպատակ ունի կատարելագործելու հայոց լեզվի (մայրենիի) դասավանդումը հանրակրթական ոլորտում: Եվ, ըստ էության, հանրային քննարկման է դրվել հենց նույն ակնկալությամբ. հնարավորինս ողջամիտ և առարկայական առաջարկներով, մասնագիտական անաչառ դիտարկումներով կատարելագործել նախագիծը և ստանալ մեկ համընդհանուր ծրագիր:
Հայոց լեզվի (7-12-րդ դասարաններ) նախագծի դրական կողմերից են` ա) միջառարկայական կապերի պահպանում, բ) թարգմանությունների միջոցով մայրենի և օտար լեզուների առանձնահատկությունների վերհանում, գ) գիտելիքի յուրացում և ամրապնդում գործնական բազմազան նյութի կիրառությամբ, դ) գրավոր և բանավոր խոսքի զարգացման մեծ նպատակադրում, ե) գործառական ոճերի ուսուցանում և այլն: Իհարկե, այս դրական նպատակների մի մասի իրագործումը մտահոգիչ է տարբեր պատճառներով` անհամաչափ բաշխված ժամաքանակ, նոր դասագրքերի բովանդակություն, ուսուցչական պատրաստվածություն, աշակերտի կարողությունների և հմտությունների համապատասխանություն: Սակայն այս առումով գուցե շահեկան կաշխատի ժամանակային գործոնը:
Կանխավ նշենք, որ ՉԵՆՔ ՍՏԱՆՁՆԵԼ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉ-ՕՐԵՆՍԴԻՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ ԵՆՔ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ, ԲՆԱՎ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ ՉԱՓՈՐՈՇԻՉ ՈՒ ԾՐԱԳԻՐ ԳՐԵԼՈՒ: ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ, ՈՐ ԱՄԵՆ ՆՈՐ ԲԱՆ ԵՐԲԵՄՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ: Հետևաբար մեր բոլոր դիտարկումները մի նպատակ ունեն` օգնել հեղինակային խմբին առավել մշակված, նպատակային և իրագործելի ծրագիր ստանալու: Այսպես:
1. Նախագծի արդիականության հիմնավորումը, մեղմ ասած, համոզիչ ու տեղին չէ (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է, և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն ունի:
2. Լեզուն (նաև հայ գրականությունը) միայն մտածողության միջոց չէ, այն բացարձակ արժեք է, ազգային մտածողության և նկարագրի, ինքնության ու ինքնապահպանության, հայրենաճանաչության և հայրենասիրության միջոց, որոնց վերաբերյալ նախագծում գրեթե խոսք չկա: Հայոց լեզվի ուսուցումը հանրակրթության ոլորտում չի կարող հիմնական նպատակ որդեգրել միայն հայերենով վարժ հաղորդակցվող մարդ կերտելը. սա ստվերում է մայրենի լեզվի մյուս` հոգևոր գործառույթները:
3. Նշվում է, որ աշակերտը պետք է մասնակցի դասի պլանավորմանը` իր հետաքրքրություններից ելնելով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը դժվար թե համընկնի ծրագրային պահանջներին, այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում հաստատապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ծրագիր է, և ուղղորդողը նախ և առաջ չափորոշիչն է, դասագիրքը, ուսուցիչը:
4. Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը արհեստական է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտություն/ կարողություն: Ցանկացած գիտելիքի մատուցումը, ճանաչումն ու յուրացումը սկսվում են հասկացությունների մեկնաբանությունից:
5. Անհասկանալի է մնում ժեստերի լեզվի ուսուցումը (նախագծից` խոսել. հաղորդակցման տարբեր միջոցներով (ժեստերի լեզու, նկարներ), …. Ցուցադրել. կարողանա պատրաստած նյութը ներկայացնել նկարներով, աղյուսակներով, սահիկաշարով, մեդիայի տարբեր միջոցներով, կատարի համապատասխան գրառումներ, ինչպես հնչյունային խոսքով, այնպես էլ ժեստերի լեզվով պատմի իր հետազոտության մասին: …. Հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսումնառությունը ամուր հիմք է ստեղծում այլ առարկաներ ուսումնասիրելու, վերառարկայական, ներառարակայական և միջառարկայական հետազոտական, նախագծային գործունեություն ծավա-լելու և դրանց արդյունքները փաստարկված խոսքով նաև ժեստերի լեզվով հաղորդելու համար): Ժեստերի լեզուն ո՞ր դասարանում պետք է անցնեն, որքա՞ն ժամաքանակով և դասավանդման ինչպիսի՞ եղանակով, արդյո՞ք առանձին խմբերի է վերաբերում, թե՞ համապարտադիր է և այլն:
6. Ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության (սա դեռ առանձին քննարկման նյութ է` ինչո՞ւ առանց ՀԱՅ բաղադրիչի) նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և շատ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն այսպիսի մոտեցումը արդարացված չէ: Ընդհանրություններով հանդերձ` սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տարբերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Համաձայն չենք նախագծի ելակետային մտքին, որ «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է» (նախագ.):
7. Առանձին դեպքերում պահպանված չէ ժամաքանակի բաշխման համամասնությունը: Օրինակ` 10 ժամ հատկացվում է ածական անվանը, 20 ժամ` դերանվանը, իսկ բային` 40 ժամ, որից` 7-ը բայի դիմավոր ձևերի կազմությանը (դրական և ժխտական խոնարհումներին), 6-ը` անկանոն և պակասավորներին: Կամ` 12 ժամ է հատկացվում կետադրությանը, ինչը բավարար չէ հիմնավոր վերջնարդյունք ունենալու համար:
8. Մեր տպավորությամբ` հապշտապ է պատրաստված հատկապես ավագ դպրոցի հատվածը: Ունենք նյութի անհարկի կրկնություններ, ինչը այս դեպքում թերևս ամենամեծ խնդրով է պայմանավորված` չկայացած 12-ամյա կրթակարգով: Ուղղագրություն, բառակազմություն, բառապաշարի ձևաիմաստային խմբեր` 10-րդ դասարանում, որոնցից բառակազմությունը փորձ է արվում ներկայացնելու ոճագիտական տեսանկյունից: Սակայն նախագծում այս անցումները կտրուկ են, չպատճառաբանված:
9. Ընդհանրապես լուրջ վերանայման կարիք ունեն «ՈՃԵՐ»-ի ենթամասերը. ցրված և անավարտ տեսք ունեն: Ճիշտ չենք կարծում ոճերը միմյանցից, այսպես ասած, հեռացնելու ծրագրային «որոշումը»: Գործառական ոճերը, տարբերություններով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար դրանք պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ: Եվ ոճագիտական բառագիտությունն էլ (հեղ. ձևակերպ. է) պետք է տեղ գտնի հենց այս միասնության առանցքում: Մինչդեռ նախագծում, այսպես ասած, մեկուսացել է ուղղագրության և բառակազմության տիրույթում:
10. Տեղին չէ գործնական գրությունների մեծածավալ ներառումը. նախ` շրջանավարտների քիչ տոկոսն է հետագայում զբաղվում փաստաթղթերով, ապա` մեզանում յուրաքանչյուր օղակ վաղուց արդեն մշակել է իր կաղապար- ձևաթղթերը: Դիմումի և CV-ի կողքին թերևս ավելորդ են տեղեկանքը, պաշտոնական նամակը, երաշխավորագիրը:
11. Առաջարկվող գործունեության հաջող ձևերի կողքին և վերջնարդյունքներում երբեմն անհամոզիչ, երբեմն անհասկանալի առաջարկներ, ձևակերպումներ կան: Գուցե դրանք կոչված են միջառարկայական կապերը պահպանելուն, բայց այս դեպքում արհեստածին են, և նպատակը չի արդարացնում միջոցը: Օրինակ` առկայացման կարգի մասին ձեռք բերված գիտելիքը ստուգելու և ամրապնդելու համար առաջարկվում է հետևյալը. « Համեմատի տարբեր ոճերի տեքստերը՝ բացահայտելով հոդերի կիրառության շրջանակները??» (ի՞նչ շրջանակի մասին է խոսքը), «Երևակայության օգնությամբ ուղևորվել տարբեր երկրներ, դուրս բերել աշխարհագրական անվանումների գրության օրինաչափությունները??» (ուղղագրությունն այստեղ ճամփորդությունից գուցե տուժի, եթե այդ ճամփորդությունները մտովի ուղեկցվեն օտարալեզու ցուցանակների մտաբերմամբ), «Խմբավորի հավաքական և հոգնակի թվով գոյականները, թվարկի նրանց գործածության շրջանակները??, բերի օրինակներ??» (կա՞ն արդյոք գործածության հստակ սահմանված շրջանակներ, իմաստային դաշտեր….) և այլն: Ծրագրի վերջնարդյունքները պետք է հստակ սահմանվեն և տարընթերցումների և կամ անհասկանալի ընթերցումների առիթ չտան:
12. Սկզբունքորեն անընդունելի ենք համարում գիտելիքների ստուգման ձևը 12-րդ դասարանում: Շարադրանք ստուգելը հանգեցնելու է սուբյեկտիվ գործելաոճի: Մինչդեռ ունենք մասնագետներ, որոնք փորձառու են և կարող են կատարելագործել թեստակազմությունն ու գիտելիքների ստուգման առավել նպատակային և հնարավորինս օբյեկտիվ ձևեր մշակել:
13. Այս ամենից զատ` նախագիծը լեզվական լուրջ խմբագրման կարիք ունի (խոսքը տեխնիկական բացթողումների մասին չէ): Դրանց տարբեր հարթակներում արդեն անդրադարձել են: Կան տերմինների սխալ գործածություններ (գրական<գեղարվեստական, ուսուցում-ուսումնառություն, բառագիտություն- բառակազմություն և այլն), անտրամաբանական ձևակերպումներ: Հայոց լեզվի ծրագիրը կատարյալ պետք է լինի իր ամբողջության մեջ:
Գրականության նախագծին չենք անդրադառնում, քանի որ այն, ըստ հեղինակային խմբի ֆեյսբուքյան գրառումների, վերանայվում և փոփոխվում է: Մեր տպավորությամբ` նորարար և արդիական լինելու ձգտումը զգալիորեն վնասել է բովանդակային կողմը. նախագիծը կազմված էր հապշտապ, իսկ գրողների մի մասի ընտրությունը խիստ սուբյեկտիվ նախասիրությունների հետևանք էր: Գրականության ուսուցանումը չի ենթադրում միայն գրավոր և բանավոր խոսքի զարգացում: Այն ինքնա- և աշխարհաճանաչողություն ու արժեհամակարգ ձևավորելու, բարոյական և բարձր հասարակություն կերտելու իր բոլոր որակներով հնարավորինս պիտի արտացոլվի հանրակրթական ոլորտում: