Կառավարությունը հուլիսի 1-ից միկրոձեռնակատիրության աշխատակիցների համար 5000 դրամի փոխարեն 20 տոկոս եկամտահարկ է սահմանել:
Ըստ մասնագիտական հաշվարկների՝ փոքր բիզնեսով զբաղվող ընկերությունները մոտ 5 անգամ ավելի գումար կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի եկամտահարկի համար՝ 20-25 հազար դրամ: Բացի այս կարգավորումը՝ հուլիսի մեկից փոքր բիզնեսին հարվածող եւս մեկ նորմ է ուժի մեջ մտել, այն է՝ տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպեն վաճառված յուրաքանչյուր ապրանքի անունն ու դասակարգիչ կոդը:
ՓՄՁ ոլորտի մասնագետ, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանի կարծիքով՝ ՀԴՄ սարքի միջոցով վաճառված ապրանքի անունն ու դասակարգիչ կոդը տպելը բավական բարդ գործընթաց է, ու եթե փոքր խանութի վաճառողը պետության առաջ քաշած նոր պահանջով առաջնորդվի եւ ՀԴՄ սարքի միջոցով փորձի տպել յուրաքանչյուր ապրանքի անունն ու կոդը, ապա խանութում մեծ հերթեր է առաջանալու:
«Հերթերն իրենց հերթին հաճախորդների կորստի են բերելու, հետեւաբար, բակային փոքր խանութ ունեցողները ստիպված են լինելու հավելյալ ծախս կատարել (մոտ 1 մլն դրամ), համապատասխան համակարգիչ գնել, մեկի փոխարեն՝ մի քանի հաշվապահ վարձել, ապա նոր աշխատել: Այսինքն՝ աշխատել խոշոր սուպերմարկետների սկզբունքով։ Բայց պատկերացնո՞ւմ եք՝ փոքր խանութ աշխետացնողը, որ իր տարածքում հազիվ մեկ աթոռ դնելու տեղ ունի, պետք է կարողանա նաեւ համակարգչի համար տեղ գտնել»,- նշում է մեր զրուցակիցը:
Գրիոգրյանի համոզմամբ՝ նման քայլերով՝ պետությունը հարվածում է փոքր բիզնեսին, ընդլայնում դաշտը՝ խոշոր խաղացողների համար: «Տեսեք՝ փոքր բակերում, որտեղ մեծ սուպերմարկետներ կան, մանր խանութները տուժել են, կամ՝ փակվել: Զարգացող երկրներում կառավարությունը տնտեսական այնպիսի մոդելով է աշխատում, որ խոշոր բիզնեսը չխաթարի մանր ու միջին բիզնեսի աշխատանքը: Մեր երկրում հակառակն է: Եթե կհիշեք, 2018-ին խոշոր սուպերմարկետների ցանցերից մեկը մսի համար բարձր գին սահմանեց, ինչը հանրային մեծ դժգոհություն առաջացրեց: Անգամ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերով քաղաքացիներին հորդորեց բոյկոտել այդ սուպերմարկետների ցանցն ու այդտեղից միս չգնել: Հիմա, փաստորեն, իր կաբինետն է խթարում ՓՄՁ ոլորտի աշխատանքն ու խոչընդոտում զարգացմանը»,- շեշտում է ԱՊ կուսակցության անդամը:
Սեւակ Վարդումյան