Ես կարծում եմ՝ ԱԺ-ն համաձայնություն կտա ինձ անձեռնմխելիությունից զրկելուն, որովհետև ՔՊ խմբակցության պատգամավորների ցանկում ընդամենը մի քանի հոգի են, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, և հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ դա քաղաքական որոշում է։
«Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ՝ Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների: Հետևաբար բոլորը այդ թվում նաև ես զրկվում ենք մանդատից»:
Հովիկ Աղազարյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրություններ կլինեն։
«Չեմ ասի՝ ինչ հիմքով, դա կասեմ երբ որ այդ բանը տեղի ունենա: Չեմ ուզում հուշեմ, որովհետև ես չեմ ուզում որ լինեն արտահերթ ընտրություններ»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ ի՞նչ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանն այսօր, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ նախկինի համեմատ՝ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձր ռեյտինգը նա ունի: