Տավուշի մարզի Չինարի համայնքում գտնվող Խորանաշատ վանական համալիրը 800 տարեկան է: Այս օրերին իրականացվելու են միջոցառումներ նվիրված եկեղեցու 800-ամյակին։ Երեկ Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Խորանաշատ վանական համալիրը գտնվում է ադրբեջանական սահմանագծի վրա, ընդամենը 70 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի դիպուկահարներն ուղիղ նայում են վանքին։
«Մենք տեսանք, թե ինչ եղավ Դադիվանքի հետ։ Մտավախություն ունեմ, եթե այսպես շարունակվի, այդ 70 մետրը չնչին բան է, եթե թշնամին 41 կմ է խորացել մեր տարածք, ապա 70 մետրն ի՞նչն է»,- նշեց նա։
Դադասյանի խոսքով, նախ և առաջ պետք է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք վերաբերում են հատկապես մշակույթին, քանի որ մեր ինքնությունը Խորանաշատ վանական համալիրով է արդարացվում։
«Եթե վաղը դա չունենանք… Վաղը դա համարելու են ալբանական եկեղեցի»,- ասաց Դադասյանը։
Նա բարձրաձայնեց նաև մեկ այլ խնդրի մասին. մեր հասարակության մեջ կա արդարության և ազնվության դեֆիցիտ։
«Ազնվությունն իր մեջ պարունակում է հսկայական քանակությամբ առաքինություններ, որին պետք է մեր հասարակությունը գա, հասնի այդ մակարդակին և դա պետք է անեն մտավորականները, պետք է տեղի ունենա մտավորականների օգնությամբ։
Ազնիվ լինենք մեզ հետ և ճիշտ գնահատենք, հայ մտավորականն այլ կերպ մտածել չի կարող»,- ասաց Ժիրայր Դադասյանը։
panorama.am







