ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել և շահագործել սեփական նպատակների համար, ինչը փորձում էին անել ի սկզբանե, այն ժամանակից սկսած, երբ ԼՂ մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկվեցին, սակայն մի քանի անգամ հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել բողոքի գործողությունների և մնացածի, կարծես թե հետ էին կանգնել այդ մտքից: Հիմա կարծես կրկին փորձում են դա անել և անել նողկալի եղանակով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Գնում են այնպիսի ռադիկալ մտքեր ունեցող ԼՂ քաղաքացիների են խոսեցնում, այնպիսի ատելության խոսք են տալիս եթեր իրենց լրատվականներով, որին ի պատասխան հնչելու է ատելության խոսք: Չի կարող չհնչել ուղղակի: Բայց երբ մի կողմից ատելության խոսք է հնչում, մյուս կողմից էլ է հնչելու, ուզես թե չուզես: Հետո սկսում են ներկայացնել, որ իբրև իշխանության կողմից ատելության քարոզ է տարվում, այնինչ չկա նման բան ուղղակի:
Իրենց երջանկությունը, նպատակը և նպատակների գագաթնակետը հետևյալն է՝ մարգինալացնել ԼՂ մեր քույրերին և եղբայրներին, այնպես անել, որ նրանք մտածեն, որ իշխանությունը նրանց նկատմամբ ատելություն է տարածում, ու նրանց օգտագործեն իշխանության դեմ միտինգների համար. դա է ամբողջ նպատակը, ուրիշ նպատակ չկա»,- ասաց Ալեքսանյանը:
Infoport.am