«Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցները ընդդեմ ՀՀ ոստիկանության նույնաբովանդակ 2 հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան. հայցադիմումներից մեկը վարույթ է ընդունվել, մյուսը՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մելքումյանը։
Փաստաբանը պատմել է, որ նախկին 35 աշխատակիցները փաստաթղթերը պատրաստել եւ ներկայացրել էին հայցադիմումը, մյուս 86-ը որոշ ժամանակ անց են ներկայացրել. «35 նախկին աշխատակիցների հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունեց եւ մեկ նիստ արդեն տեղի է ունեցել։ Մյուս 86 նախկին աշխատակիցների հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը վարույթ չընդունեց, պատճառաբանելով, որ անմիջական կապ չկա Ոստիկանության անգործության եւ աշխատանքից զրկվելու հետ»։
Արմեն Մելքումյանն ասել է, որ վարույթ չընդունելու ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, որն ուժի մեջ է թողել մերժելու որոշումը։
«Իրավական տեսանկյունից մեզ համար շատ տարակուսելի է այդ որոշումը, որովհետեւ անձանց նույնաբովանդակ պահանջը նույն դատարանը մեկ գործով ընդունում է եւ մյուս անձանց նույնաբովանդակ պահանջը նույն դատարանը չի ընդունում»,- ասել է փաստաբանը։
Մելքումյանի խոսքով՝ «Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցներն իրենց աշխատանքից զրկվել են ոչ թե օրինական իրավական գործընթացի հետեւանքով, այլ ճանապարհների անօրինական փակման հետեւանքով. «Եվ այդ անօրինականությունը Ոստիկանության կողմից վերացնելու ուղղությամբ դրսեւորել է անգործություն»։
Փաստաբան Մելքումյանը նշել է, որ իրենք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի այդ որոշումը բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարան. «Եթե վճռաբեկը նույնպես չվերացնի մեր հայցը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը, ապա մենք կդիմենք ՄԻԵԴ»։