Այսօրվա զեկույցն ամբողջությամբ արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Այն կարևոր է հատկապես միջազգային մեծ հարթակներում հանդես գալու համար, «Մեկ տարի՝ առանց Արցախի» քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Genesis Armenia» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ, պատմաբան Արմեն Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում մոտավոր հաշվարկներով մնացել է 100 մլրդ դոլարի գույք։
Ըստ բանբախոսի՝ Լեռնային Ղարաբաղում մնացել են 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 ՀԷԿ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց։
«Բացի այդ, այնտեղ մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2 000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ և ավելի քան 35 հազար փոխադրամիջոց»,- ավելացրել է Սարգսյանը։
Պատմաբանը միաժամանակ հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը մինչև 2020թ. պատերազմը կազմում էր 147 հազար մարդ։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր հերթին նկատեց, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին այդ թիվը նվազել է՝ կազմելով 112 հազար մարդ։