Լավրովը ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել է հրադադար՝ առանց հայկական ԶՈւ-ն շփման գծից դուրս բերելու. Բայրամովը մանրամասներ է հայտնել ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակված վավերագրական ֆիլմում
ՌԴ նախարարի առաջարկը ենթադրում էր հետևյալը. շփման գծի արևելյան հատվածում պետք է գտնվեին ռուս խաղաղապահներն ադրբեջանական ԶՈւ-ի հետ, իսկ արևմտյան հատվածում ՝ կրկին ռուս խաղաղապահներն ու հայկական ԶՈւ-ն: Իսկ լիակատար հրադադարը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 9-ից։
«Այդ ժամանակից հինգ տարի է անցել, ուստի որոշ կետեր բացելու ժամանակն է։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը կողմերին մի փաստաթուղթ փոխանցեց։ Շատ երկար փաստաթուղթ չէր, բաղկացած էր մի քանի կետերից։ Փաստաթուղթը աչքի անցկացնելով՝ տեսանք, որ խոսվում էր [հոկտեմբերի] 9-10-ի ժամը 00:00-ից ռազմական գործողությունների դադարեցման մասին, և շփման գծի արևելյան ուղղությունում պետք է տեղակայվեին ռուսական խաղաղապահներն ու ադրբեջանական բանակը, իսկ շփման գծի արևմտյան մասում՝ հայկական զինված ուժերն ու նորից ռուսական խաղաղապահ ուժերը։
Ամսի 9-ին առաջարկվող այդ փաստաթղթում [խոսվում էր] կրակի անհապաղ դադարեցման մասին՝ առանց հավելյալ պայմանների համաձայնեցման: [Դա կնշանակեր], որ հայկական զինված ուժերն այնտեղ էին մնալու, ոչ մի տարածք չէր ազատվելու, փոխարենը թե՛ արևելյան, թե՛ արևմտյան ուղղություններում տեղակայվելու էին ռուսական խաղաղապահները», – ասում է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։





