Azg.am-ի զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
-Տիկին Բեգիջանյան, հաշվի առնելով հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները՝ որքանո՞վ եք հավանական համարում այդ երկրում իշխանափոխությունը։
-Նման հավանականությունը մեծ չեմ համարում՝ չնայած, որ քաղաքականության մեջ անսպասելի բաներ կարող են լինել։ Բողոքի ալիքի պատճառ դարձած դժգոհությունները տնտեսական բնույթի էին՝ լրիվ արդարացված։ Արտարժույթի կտրուկ տատանումները, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի՝ 3-4 անգամ թանկացումները դրդապատճառ դարձան, որ իրադարձությունները նման ընթացք ստանան։
Հետագայում, իհարկե, քաղաքական պահանջներ ավելացան, կրակի վրա առաջին հերթին յուղ լցրեցին Իսրայելը և անձամբ Նաթանյահուն, որի գերնպատակն է Իրանի մասնատումը։ 12-օրյա պատերազմի ժամանակ նա երեք անգամ իրանցի ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց, սակայն ժողովուրդը կանգնեցին իշխանության կողքին։ Իսրայելի հորդորով և արևմտյան ԶԼՄ-ների քարոզչական հեղեղով փորձ արվեց կարծիք ձևավորել, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է երկրի ղեկավար տեսնել Իրանի թագաժառանգին։ Բայց դա այդպես չէ. սա միայն Նաթանյահուի սրտի տարբերակն է, որովհետև վերջինիս շատ մտերիմ է Նաթանյահուի հետ և կաներ այն, ինչ կցանկանար Նաթանյահուն։
Այժմ, երբ ասում եմ, որ Իրանում իշխանափոխությունը քիչ հավանական է, նկատի ունեմ, որ տնտեսական շարժառիթներով սկսված ցույցերը կազմակերպված չեն եղել. դրանք եղել են ինքնաբուխ, առաջնորդներ չեն եղել։ Իրանի իշխանությունները բավականին հզոր արմատներ ունեն և կարող են ուժով կանգնեցնել պրոցեսները, մանավանդ, որ չկա որևէ ընդդիմադիր, այլընտրանք կամ առաջնորդ։
Ինչ վերաբերում է Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավիին, ապա նա 40 տարի երկրում չի ապրել, 77 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում և չգիտի, թե այս ողջ ընթացքում Իրանում ինչ փոփոխություններ են եղել։ Այժմ Նաթանյահուն ուզում է պարտադրել նրան որպես առաջնորդ՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ իրանցի ժողովրդի ցույցերը հենց այդ պահանջով են։
-Տիկի՛ն Բեգիջանյան, եթե Իրանում իսկապես իշխանափոխություն տեղի ունենա, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա։ Ի՞նչ վտանգներ կարող են լինել։
-Առաջին հերթին վտանգն Իրանի մասնատումն է։ Իսրայելի ողջ ներուժը դրված է քրդական և ազերիական հատվածների մեջ, որոնց նպատակները շատ սերտորեն համընկնում են Ադրբեջանի նպատակների հետ։ Ադրբեջանին Իսրայելի օգնությունը հենց դրանով է պայմանավորված, իսկ ահա Իրանի քրդերը սերտ հարաբերություններ ունեն Իրաքի քրդական ինքնավարության հետ։
Այսպիսով, եթե Իրանում իշխանության գան Իրանի ազգային ուժեր, նրանց ռազմավարական շահերը համընկնելու են ՀՀ ռազմավարական շահերի հետ և հակառակը։ Իսկ ահա Իսրայելի պահանջներն ի վնաս մեզ են։
–Տիկի՛ն Բեգիջանյան, կասկածից վեր է, որ Միացյալ Նահանգները փորձել և այսուհետ ևս փորձելու է օգտվել Իրանում ստեղծված իրավիճակից։ Վերջնահաշվարկում ինչպիսի՞ նկրտումներ կարող է ԱՄՆ-ն ի հայտ բերել։
-ԱՄՆ-ի նպատակն այն է, որ նոր ձևավորվող աշխարհակարգում Իրանին դուրս բերի արևելյան ճամբարից և տանի դեպի արևմտյան ճամբար։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, ԱՄՆ-ը կգնա հետևյալ քայլին. թող երկիրն ավելի չափավոր կրոնական անձ ղեկավարի, բայց Իրանը լինի արևմտյան ճամբարում։









