Azg.am-ի զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
-Տիկի՛ն Բեգիջանյան, ի՞նչ զարգացումների պետք է սպասել Իրանում, ինչպե՞ս կարող են ծավալվել հետագա գործողությունները։
-Իրանում շատ անորոշ վիճակ է։ Ինչպես գիտենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ 4-5 ամիս աշխատել են՝ նախապատրաստվելով Իրանի դեմ պատերազմին։ Իսկ բանակցություններն ընդամենը ժամանակ շահելու համար են եղել։ Իսրայելն ու ԱՄՆ սպասել են հարմար առիթի՝ երբ կարող են հարվածել Իրանին և մեկ հրթիռակոծությամբ վնասազերծել հոգևոր առաջնորդի մոտ խորհրդակցության հավաքված երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Պարզ է՝ Մոսադը մեծ ներթափանցում ունի Իրան, և Իսրայելի նպատակն է մասնատել այդ երկիրը։ Այդ նպատակով իրանաիրաքյան սահմանին ոչնչացվել են սահմանապահներ՝ ապահովվելու Իրաքյան Քրդիստանի Ինքնավարության անջատողականների անարգել մուտքն Իրան։
Իսրայելը նպատակ ունի Իրանը դարձնել երկրորդ Սիրիա, որպեսզի երկրում ներքին բախումներ սկսվեն, պարարտ հող ստեղծվի Իրանի մասնատման համար։
-Տիկի՛ն Բեգիջանյան, ինչպե՞ս եք գնահատում հարևան Իրանում պատերազմական գործողությունների ֆոնին ՀՀ իշխանությունների անհոգ կեցվածքը՝ սկսած «պերաշկիներով» քարոզարշավ իրականացնելուց մինչև եղբայրական Իրանին առնվազն մինչև այսօր կեսօր ցավակցություններ չհայտնելը։
-Չգիտեմ՝ ՀՀ իշխանություններն ինչ են մտածում։ Համենայնդեպս հատկապես 150-ից ավելի զոհված անմեղ երեխաների համար պետք էր անհապաղ ցավակցություն հայտնել։ Մենք անընդհատ մտածում ենք՝ սա ի՞նչ կասի, նա ի՞նչ կասի (նկատի ունի ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը՝ խմբ.)։ Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները երբեք չէր ասի՝ ՀՀ իշխանություններ, ինչո՞ւ եք ցավակցել իրանցի զոհված երեխաների կամ Իրանի ռազմաքաղաքական էլիտայի համար։
–Ըստ Ձեզ,այս պահին որքա՞ն հաջող է դիմագրավում Իրանը հակառակորդներին, և ի՞նչ կլինի, եթե թուլանա։
-Իրանի թուլացումը մեզ համար չափազանց վտանգավոր է։ Իսրայելը տարածաշրջանի ամենահզոր ուժն է, միջուկային մարտագլխիկներ ունի, էլ չեմ ասում գերարդիական ռազմական ինքնաթիռների և մնացածի մասին։ Իհարկե, Իսրայելը ռազմավարական խորություն չունի, և եթե Իրանը կարողանա գոնե չնչին տոկոսով հռթիռներ հասցնել այդ երկրի տարածք, Իսրայելը մեծ վնասներ կկրի։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն աշխարհի համար մեկ ուժեղ բանակն ու զինանոցն ունի։ Իսկ Իրանն արդեն 47 տարի սահմանափակումների պատճառով չի կարողացել ուժեղ օդուժ ունենալ։ Թեհրանը չունի ռազմական օդանավեր. դրանք սահմանափակվում են մոտ 50 տարի առաջ գնված նմուշներով, դրա համար էլ ամերիկաիսրայելական ուժին դիմադրելը շատ դժվար է։ Իրանը պարզապես չի հանձնվում և առաջ կշարժվի այնքան, որքան կարող են դիմանալ։
-Գործողությունների այս փուլում որքա՞ն հավանական է, որ Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին խնդրի նստել բանակցությունների սեղանի շուրջ։
-Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրամփն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ իրանական կողմը խնդրել է բանակցություններ սկսել, սակայն պաշտոնական Թեհրանը հերքել է այդ լուրերը։
Ըստ Իրանի սահմանադրության՝ երբ առաջնորդը զոհվում է, ձևավորվում է 3 հոգուց կազմված խորհուրդ, որն էլ ժամանակավորապես ղեկավարում է երկիրը։ Այժմ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ այդ խորհուրդը պետք է հասցնի ճշգրիտ որոշումներ կայացնել։ Բայց որ հարցը վերջիվերջո պետք է բանակցություններով լուծվի, փաստ է։
Տեսեք, Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, և դա հսկայական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քանի որ այնտեղ ոչ միայն էներգակիր նավեր են, այլ նաև առևտրական։ Իսկ Միացյալ Նահանգները բոլորովին շահագրգիռ չէ նեղուցի փակ մնալով։
-Տիկի՛ն Բեգիջանյան, ասացինք, որ Իսրայելի գերագույն նպատակն Իրանը մասնատելը և այնտեղ ներքին խժդժություններ հրահրելն է։ Արդյոք ստեղծված անկայուն վիճակը կարող է ազգային փոքրամասնությունների շրջանում ազատագրական պայքարի տրամադրություններ ծնել։
-Իրանում փոքրամասնությունները կոչվում են ազգություններ, ոչ թե ազգեր՝ թյուրքախոսներ, իրանական ցեղեր, քրդեր։ Մինչդեռ Իսրայելը և Իսրայելի քարոզչամեքենան նրանց անվանում են ազգեր և մշտապես խոսում նրանց անկախացման մասին։ Այստեղ նպատակը մեծ Իսրայել ստեղծելն է։
-Իսկ ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի կեցվածքը։ Տպավորություն է, որ, Անկարան ձգտում է մեծ ներգրավվածություն չունենալ և առավելապես հետևողի դիրքերում մնալ։
-Թուրքիան, իհարկե, շահագրգռված չէ Իրանի ազգային փոքրամասնությունների հնարավոր հաջողություններով, որովհետև Իսրայելը պաշտպանում է քրդերին, իսկ քրդական խնդիրը Թուրքիայում բավական սուր է դրված։ Թուրքերի՝ Իրանի ազգային փոքրամասնություններին բացահայտ չաջակցելը պայմանավորված է հենց դրանով։ Թուրքիան և Իսրայելն այս հարցում մրցակցում են. դեռ 1994 թվականից հրեաները հայտարարում են, որ քրդերն իրենց նման «տանջված» ժողովուրդ են և պետք է ունենան իրենց անկախությունը, որի կենտրոնը կլինի Իրաքի Քրդստանը։
–Տիկի՛ն Բեգիջանյան, արդյոք այս պահին Իրանն ունի անհրաժեշտ պոտենցիալն՝ արագ ուշքի գալու և ճիշտ հաշվարկելու իր հետագա քայլերը։
-Նոր առաջնորդին պետք է ընտրի Բանիմացների խորհուրդը, որը բաղկացած է 88 անձանցից՝ հիմնականում հոգևորականներ։ Սովորաբար մահացած հոգևոր առաջնորդին շատ արագ փոխարինում են նորով, սակայն այս պահի դրությամբ դեռ որոշակիություն չկա։ Կրկնում եմ՝ դիմադրել այդքան հզոր ուժերի հեշտ չէ, և Իրանը հայտարարել է, որ կդիմանա այնքան, որքան կարող է։ Թեհրանի ուժը հիմնականում իր հրթիռներն ու ԱԹՍ-ներն են։ Մեծ թվով իրանական հրթիռներ արդեն իսկ ճեղքել են իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ը և բավական վնասներ հասցրել։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը չի ցանկանա, որ պատերազմը երկարատև լինի. հակառակը, կցանկանա ավարտել՝ որքան հնարավոր է շուտ, որպեսզի հաջորդ ընտրություններում Թրամփը հաղթաթուղթ ունենա։








