Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ ՌԴ-ի հետ լեզվակռվի մեջ չի մտնելու, հանգիստ պաշտպանելու է Հայաստանի դիրքորոշումները։
«Մենք չենք գործելու ՌԴ շահերի դեմ, բայց նաև չենք գործելու մեր շահերի դեմ»,- Մարտունիում քարոզարշավի ժամանակ նշել էր նա։
Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը կառավարման 8 տարիների ընթացքում ապացուցել է, որ բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին ձեռնտու գործիչ է։
«Այո՛, եթե ինքը վերընտրվի, ես համոզված եմ, որ Պուտինը մեծ հաճույքով կշարունակի նրա հետ աշխատել։ Որովհետև նա, ինչպես արդեն նշեցի, ձեռնտու է բոլորին՝ բացի Հայաստանի Հանրապետությունից։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե որոշ երկրների Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է հեռահար նպատակների համար, ապա Ռուսաստանի դեպքում՝ կարճաժամկետ նպատակների։
Նրա արտաքին քաղաքականությունը լրիվ հակառուսական է, ինչն էլ բացահայտ ցույց է տալիս։ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Հայաստանը կմնա ԵԱՏՄ կազմում այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան կհրավիրի ԵՄ։ Իսկ ԵՄ-ից երեկ մեսիջ ուղարկեցին, որ 2030 թվականից շուտ Հայաստանին հրավեր չի ուղարկվի. դեռ շատ մեծ հարց է՝ առհասարակ կուղարկվի՞, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ն իր համար, այսպես ասած, «запасное колесо» է. որ պահին պետք է՝ Հայաստանն այդ կառույցի հետ համագործակցում է, որ պահին ոչ՝ ոչ։
«Նույն Նիկոլի օրոք, որն այդքան հակառուսական տրամադրություններ հրահրող է, Հայաստանն ամենաշատն է տնտեսապես կախվածության մեջ հայտնվել ՌԴ-ից։ Եթե 2015 թվականին մեր արտաքին առևտրի 15-16 տոկոսն էր բաժին ընկնում Ռուսաստանին, ապա հիմա Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է ընդհանուր արտաքին առևտրի շուրջ 35 տոկոսը։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունը պետք չէ այդքան միանշանակ հալած յուղի տեղ ընդունել։ Գլոբալ առումով նա էլի «քցելու» է ռուսներին։ Իհարկե, ռուսները մտածում են, որ հիմա կզիջեն, հետո հետ կստանան։ Սակայն նման բան չի լինելու։ Չմոռանանք նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն իր իշխանությունը պահպանել է ռուսների շնորհիվ։ Եթե ուշադիր եք՝ նա ոչ մի հակառուսական քայլ չի անում»- ասաց Գագիկ Համբարյանը։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ եթե վերարտադրվի, Պուտինին ավելի ծանրակշիռ դիրքերից «պատեպատ» կտա՝ դա ներկայացնելով ՀՀ դիրքերի ամրապնդում, Հայաստանմի շահերի ապահովվում։







