ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
«Հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ նախնական ուսումնասիրություններ, այդ թվում` օդանավակայանի շենքի և թռիչքուղու վերանորոգման հետ կապված», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնել են նաև, որ վերանորոգման աշխատանքների արժեքների և ժամկետների մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել Գորիսի օդանավակայանը։
Նշենք, որ Գորիսի օդանավակայանը գտնվում է Խոտ գյուղի մոտ։ Այն կառուցվել է և սկսել գործել 70-ականների վերջին` օրական ընդունելով մինչև 8 չվերթ։ Երևանից այստեղ էին թռչում Ան-2 և Յակ-40 ինքնաթիռները։