«Ալյանս» կուսակցությունը միանշանակ մասնակցելու է արտահերթ ընտրություններին , սեփական ցուցակով, առանց դաշինքի և վարչապետի սեփական թեկնածուով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» ցենտրիստական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ նրա՝ ընտրություններն անհրաժեշտ են ցանկացած պարագայում, որովհետև այլ հանգուցալուծում, կարծես թե, չի երևում:
Զրուցակիցը կարծում է, որ իշխանությունները չեն մտքափոխվի և նախանշած ժամկետում կանցկացնեն ընտրություններ.
«Ընտրություններ պետք է անեն, քանի որ այլ ելք չունեն, եթե այլ ելք ունենային հնարավոր է մտափոխվեին, ինչպես երեք տարի ամեն ինչում մտքափոխվել են: Եթե չլինեն ընտրություններ՝ իշխանությունն ամիսների ընթացքում առերեսվելու է մեծ սովի, արդեն ՀՀ-ի անմիջական մասնակցությամբ պատերազմի վտանգի , ժողովրդի ցասման հետ : Եթե ընտրություններ չլինեն, իշխանությունն այլևս չի կարողանալու լինել պատասխանատու, բայց՝ ոչ մեղավոր»,-ասաց Ուրիխանյանը:
Պատգամավորը կարծում է, որ ընտրությունները իշխանություններից ազատվելու միակ ճանապարհն է, իսկ ընդդիմադիր ուժերը պետք է ստորագրեն հուշագիր կամ առանց հուշագրի սահմանեն լուրջ հսկողություն տեղամասերում.
«Պետք է սահմանվի վերահսկողություն քվեարկության գործընթացի, հաշվարկային գործընթացի, ընտրացուցակների ձեւավորման գործընթացի: Եթե այս ամենն արվի, ապա խոսակցությունները ընտրակեղծիքների, խախտումների և ճնշումների վերաբերյալ կարող են դառնալ երկրորդական»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը և հորդորեց լծվել ընտրական գործընթացի նկատմամբ հսկողության գործին։
«Մենք մեր հերթին դա անելու ենք: Նոր անդամագրված մարդկանց ընդգրկում ենք այդ գործընթացի մեջ: Ապավինել, որ իշխանությունը, բարի կամքից ելնելով, ընտրություններն անցկացնելու է հավուր պատշաճի, ճիշտ չէ, պետք է սահմանել հսկողություն: 2000 հոգանոց շտաբ է ձևավորվում կուսակցականների կողմից, որոնք պետք է հսկեն նշածս 4 ուղղություններով»,-ասաց պատգամավորը:
Տիգրան ՈՒրիխանյանը վստահեցրեց, որ եթե ընտրական գործընթացը վերահսկվի, ապա ոչ մի բան քաղաքացուն չի կարող ստիպել փակ քվեախցիկում քվեարկել ոչ թե իր ուզած ձևով, այլ՝ հակառակ:
Պատգամավորը անհրաժեշտ է համարում նաեւ ընտրական համակարգի փոփոխությունը.
«ԸՕ փոփոխությունը նաև իշխանության տված խոստումներից է, եթե չփոխեն սա լինելու է նրանց վերջին կամ ևս մեկ սուտը»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Փաստինֆո