Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը, այս մասին դատարանի բակում հիշեցրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը։
«Սամվել Կարապետյանը, որպես մաքուր տաշիրցի, որպես լոռեցի ու մեծանուն հայ, Հայաստանի Հանրապետությանը և հայ ազգին ծառայելը համարում է գերակա շահ և շարունակում է փոփոխությունների այն ընթացքը, որ բերելու է ինքն իր հետ։
Ամեն անգամ, երբ գալիս ենք դատարան, մտածում ենք ինչքան շուտ գանք, մեքենայի կամ կանգնելու տեղ լինի։ Բայց ի հեճուկս մեր մտածածի՝ գալիս և տեսնում ենք, որ հոծ բազմությունը, մեքենաների մեծ խցանումները կիլոմետրերի են հասնում։
Սա ինչի մասին է վկայում. վկայում է այն մասին, որ չնայած մեր մրցակիցը, ախոյանը, բացասական առումով հանճարեղ է, բայց պատմության մեջ այդպես է. ինչքան ազդեցությունը մեծանա, այնքան զսպանակի նման մեծանալու է հակազդեցությունը։ Դրա առհավատչյան այս հոծ բազմությունն է, որն առանց որևէ կոչի և հրահանգի մարդկային առումով հավաքվում է սատարելու փոփոխությունների ալիքն իր հետևից բերող ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում են։









