Մայիսի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է․
«Հարգարժա՛ն նախարար Դի Մայո,
Հարգարժա՛ն Գլխավոր Քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք Հայաստանի փորձից գիտենք, թե ինչ կարևոր դեր կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը՝ աջակցելու երկրներին ամուր ժողովրդավարական ինստիտուտներ և համակարգեր կառուցելու գործում։ Այս տարի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձև, որտեղ ԵԽԽՎ-ն հայտարարեց ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացի մասին։ Եվ այդ առաջընթացի, թերևս, ամենավառ օրինակներից մեկը անցած ամառվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, երբ Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց նվիրումն ու հանձնառությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք ականատես ենք լինում անվտանգության ճարտարապետության վերահաս անկմանը, որը, իհարկե, վերջերս՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում չէ, որ սկսվել է:
Մենք երկու տարի առաջ զգացինք բազմակողմանիության խափանումը և միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:
Երկու տարի է անցել այս սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության:
Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչու՞ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է:
Կարող եմ շարունակել նոր օրինակներ բերել, բայց հակիրճ կլինեմ. ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։
Եվ, հարգելի՛ գործընկերներ, քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է մեզ բոլորիս բերել այստեղ, ուրեմն սա բոլորիս խնդիրն է:
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն, մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում:
Հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ եզրափակել՝ ասելով, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:
Շնորհակալություն»: