Նաիրի Հոխիկյանի էջից, –
Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետայի շրջանակում Սյունիքի ընդդիմադիր չորս քաղաքապետերին կալանավորելուց հետո օգոստոսի 13-ին որոշում կայացվեց Գորիս և Մեղրի քաղաքներում անցկացնել արտահերթ ընտրություն։
Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը չնայած տարատեսակ վարկաբեկումներին, շարունակում է բարձր վարկանիշ ունենալ հանրության շրջանում։ Մեկուսացված Առուշի փոխարեն քաղաքապետի պարտականությունները Գորիսում հաջողությամբ իրականացնում են նրա տեղակալներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, նրա՛նց էլ Գորիսում լավ են վերաբերվում։
Այ, այստեղ լուրջ խնդիր է առաջանում ՔՊ-ի համար, քանի որ արտահերթ ընտրության ժամանակ կրկին Գորիսի ղեկը կարող են ստանձնել ընդդիմադիրները։
Եվ ըստ սցենարի՝ օգոստոսի 17-ին ձերբակալվում են Գորիսի վերջին երկու ընդդիմադիր ղեկավար պաշտոնյաները՝ փոխքաղաքապետերը։ Մեկին կալանավորում են, մյուսին բաց թողնում մի շարք սահմանափակումներով։ Օգոստոսի 17-ից երկու ամիս մեկուսացումը կհասնի մինչև հոկտեմբերի 17։ Իսկ ե՞րբ է լինելու Գորիսի քաղաքապետի ընտրությունը, հոկտեմբերի 17-ին։ Ինչպիսի՜ զուգադիպություն։ Չէ, Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում չեն մտածել այս մասին։ Ուղղակի զուգադիպել է, կամ էլ նախկիններն են դեռևս 2010-ին այդպես կազմակերպել։
Սյունիքի կալանավորված ընդդիմադիր պաշտոնյաների մի մասը ազատ կարձակվի մինչև արտահերթ ընտրությունը, եթե գործարքի գնա քաղաքական իշխանության հետ կամ համաձայնի հեռանալ դաշտից։ Առավել սկզբունքային պաշտոնյաներն էլ կալանավայրում կմնան մինչև հոկտեմբերի 17-ը, ապա ազատ կարձակվեն արդեն ոչ որպես քաղաքապետ։ Հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար էին կալանավորվել սյունեցի ընդդիմադիր պաշտոնյաները, և բոլորը կապրեն գոհ ու երջանիկ։