Մեր կողքին ապրող և ստեղծագործող, իր ինքնատիպ ոճն ու մեղեդին պատկերող սքանչելի պոետներից է Գագիկ Սարոյանը: Գյումրու, ավելի ճիշտ՝ Ալեքսանդրապոլի նիստուկացով, սև տուֆին Անիի ոսկե տուֆով երիզող, բանաստեղծական անու՜շ առվակից մի մարմանդ դալավ թեքողներից է նա: Մարդկային լավագույն երանգներով օժտված այս մարդու ստեղծագործությունը, անշուշտ, իր կերպարի վճիտ արտացոլանքն է: Թե՛ վերլիբրային կառույցում, թե՛ հստակ վանկական, և թե՛ կեսշնչանոց բանաստեղծական հանգույցներում ամենատպավորիչը և, խոստովանենք, մեր օրերում քիչ հանդիպողը Սարոյանի «Սարոյանական» ձեռագիրն է: Իր պոետական կտավին մեկ անգամ հայացք գցողը իսկույն կճանաչի հեղինակի մնացյալ, դեռ չընթերցած գրվածքները: Պատճառը, թերևս Գագիկ Սարոյանի հյութեղ լեզուն է՝ համեմված Շիրակ Աշխարհի համուհոտով, իրեն հատուկ ֆիլտրված բառընտրությունն է, որ ստեղծագործությունը դարձնում է կայուն և անփոփոխ, և, բնականաբար, տաղանդը: Իսկական տաղանդը: Անզուգական ու շողշող տաղանդը:
Որքան էլ խորհրդային Հայաստանում արդեն կայացած կամ կայացող գրողներին իրենց երիտասարդության և իրենց սերնդի համակրանքը բավարարում է, միևնույն է, այսօրվա ընթերցողը պե՛տք է կարդա լավագույններին՝ նրանց, ովքեր չեն գովազդվում, ովքեր չեն տրոհվում խառնիխուռն, ովքեր քաղաքական բոցերում չեն խորովվում… ովքեր պարզապես հրումեն սիզիփոսյան անտանելի քարը, և ցանումեն աշխարհում պոեզիայի սերմեր…
Էն ե՜րբ էր, ե՜րբ…
Ես պայծառ տղա էի
Եվ գնում էի դաշտերով, ձորերով,
Եվ դարավանդ առ դարավանդ
Գնում էի մի տեղ
Ոչ մի տեղ չտանող ճամփով…
Եվ որովհետև
Ոչինչ չէի որոնում,
Պառկում էի թփի տակ յասամանի
Եվ դիտում էի
Նրա բուրմունքի խորքերը:
Եվ ի՜նչ սազական էր մայիսը,
Նրա գույնը՝ իմ սրտի զարկերին:
Էն ե՜րբ էր, ե՜րբ…
Երբ ես պայծառ տղա էի
Եվ շոյում էի
Մեկի մաքրակենցաղ սիրտը,
Եվ համբուրում էի
Նրա շիկնած զգացմունքը,
Եվ համոզում էի նրան
Մի տեղ գնալ, մի տեղ՝
Ոչ մի տեղ չտանող ճամփով,
Այսինքն՝ դեպի թուփը մայիսի,
Դեպի բուրմունքը պատանության՝
Դեպի չթառամող կողմերը հոգու:
(Գագիկ Սարոյան «Պարականոն»)
ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ