Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ գործարքը՝ Ռամիլ Սաֆարովի մասով, դուրս է ցանկացած քննարկումից:
Բայց, եթե վերադառնանք քաղաքական հարթություն, ապա Օրբանի «Ալիեւի ընկեր» լինելը որոշ քաղաքագետներ կամ փորձագետներ մատուցում են իբրեւ Երեւանի համար խնդիր, որը հիմա այսպես ասած՝ դուրս է գալիս: Իսկ խոսքը այն քաղաքագետների կամ փորձագետների մասին է, որոնք ներկայանում են բացահայտ արեւմտամետ դիրքերից, կամ եվրոպամետ դիրքերից, ինչպես նաեւ լատենտ իշխանամերձներ են:
Ինչու՞ եմ շեշտում այդ հանգամանքը: Որովհետեւ սա կարեւոր ասպեկտ է մանիպուլյացիան հասկանալու համար: Ամբողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հունգարիայի հետ հարաբերությունը վերականգնել է ըստ էության հենց այն պատճառով, որ դա լրացուցիչ կոմունիկացիայի աղբյուր է Ադրբեջանի հետ, հենց հաշվի առնելով Օրբանի քաղաքականությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հանդեպ:
Հունգարիան այդ կազմակերպության դիտորդ է: Երեւանը գերազանցապես հենց այդ նկատառումով է վերականգնել հարաբերությունը, որը սառեցված էր Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ Սաֆարովի խայտառակ գործարքից հետո:
Ընդ որում, Հունգարիայի հետ հարաբերությունը այդ տեսանկյունից վերականգնելու հարցում կա տրամաբանություն: Եթե Հայաստանը լիեր արդյունավետ դիվանագիտության կարող, ապա Հունգարիայի հետ հարաբերության վերականգնումը կարող էր ընձեռել Ադրբեջանի ուղղությամբ ավելի ճկուն քաղաքականության հնարավորություն: Բայց, ինչպես ցույց տվեց փորձը, Հունգարիան թերեւս հենց Հայաստանի հանդեպ ադրբեջանական քաղաքականության ճկունության ուղի դարձավ, քան Հայաստանի համար ճկունության ուղի Ադրբեջանի հանդեպ:
Ի դեպ, նաեւ հենց ադրբեջանական գործոնն էր, որ Բուդապեշտի հետ լուրջ խնդիրներ ունեցող Բրյուսելը խոշոր հաշվով որեւէ կերպ որեւէ խանդ չարտահայտեց Երեւան-Բուդապեշտ հարաբերության առնչությամբ, որովհետեւ այդ հարաբերությունը դիտարկեցին նույն տրամաբանությամբ՝ Հունգարիան կարող է միջոց լինել Հայաստանն ադրբեջանական օրակարգին ադապտացնելու հարցում, ինչը բխում էր ԵՄ շահերից եւ հետաքրքրությունից:
Ի դեպ այս իմաստով նաեւ հետաքրքիր է, թե Հունգարիայի ննոր վարչապետ Մադյարը ինչ քաղաքականություն կվարի Թյուրքալեզու պետությունների Կազմակերպության հանդեպ:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









