Ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայից:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի պատգամավորն է նաև մեր հայրենակից Կարո Փայլանը, Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում պատգամավորական տեղեր ունեցող 5 կուսակցություններից մեկն է: Ամեն տարի նա Ապրիլի 24-ին ընդառաջ հանդես էր գալիս հայտարարությամբ: Այս տարի, սակայն, հանդես եկավ հենց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և դարձավ հարձակումների թիրախ երկրում: Կուսակցությանը Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի գլխավորությամբ խստագույնս դատապարտեցին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, իսկ թուրքական թերթերը նրա հայտարարությունը ներկայացրին հետևյալ տողերով. “Ստոր արտահայտություններ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ապրիլի 24-ի հայտարարության մեջ, չափն այսքան նույնիսկ Հայաստանը չի անցնում”
Ահա թե ինչ ասում կուսակցության կենրոնական վարչության տարածած հաղորդագրությունը. “1915թ. ապրիլի 24-ին 250 հայ մտավորական “Հատուկ կազմակերպության” կողմից ձերբակալվեց իրենց տներում, ենթարկվեց տեղահանության և սպանվեց: Այդ օրն սկսեց Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը վտարվեց իր պատմական հայրենիքից, որտեղ բնակվել էր հազարամյակներ շարունակ: Թուրքիան 106 տարի հրաժարվեց առերեսվել հայերի ցեղասպանության հետ, ինչի հետևանքով հանցագործությունը երկրում կրկնվեց, դարձավ մեր օրերի իրողությունը: Մեծ համցագործությունը մնաց անպատիժ, խտրականությունն ու ատելությունը վերածվեցին սովորական երևույթի:
Հայերի ցեղասպանությունը, որպես մարդկային, իրավական և հասարակական երևույթ, այն խնդիրն է, որի հետ պետք է առերեսվել և ընդունել փաստը: Այդ հարցը չի կարելի ներքաղաքական հաշվարկների, միջազգային հարաբերություններում սակարկության նյութ դարձնել: Քանի որ հայերի ցեղասպանությունն իրականացվել է այս հողերում, ուստի արդարությունն էլ այստեղ պիտի վերականգնվի:
Հայերի ցեղասպանությունը դարձել է տարբեր ժողովուրդների հանդեպ 20-րդ դարի սկզբներին պետության մեջ համախմբված մութ ուժերի և մարդասպանների որդեգրած քաղաքականության խորհրդանիշը: Հույն, ասորի, քաղդեացի, քուրդ, ալավի և եզդի ժողովուրդները դարձել և ներկայումս դառնում են պետական ջարդարարական քաղաքականության զոհը:
Ցեղասպանության 106-րդ տարելիցին մենք մեր սրտերում զգում ենք այս հողերի բնիկ ժողովրդի՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության, եղեռնի և մարդկային սղբերգության վիշտը և հարգանքի տուրքը մատուցում անմեղ զոհերի հիշատակին”: