Քաղաքագետ Հակոբ Բադալյանը արձագանքելով Ադրբեջանի. «Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց» ԱԳՆ հայտարարությանը, գրում է. «Նկատեք, խոսքն անգամ Ադրբեջանի դրոշի մասին չէ, այլ երրորդ երկրի՝ Թուրքիայի:
Ինչի՞ մասին է այս հայտարարությունը: Նախ այն մասին, որ իրականում Թուրքիան հենց Ադրբեջանին է «պատվիրակել» Հայաստանով «զբաղվելը»: Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում էր, թե Ադրբեջանն իբր խանգարում է հայ-թուրքական կարգավորմանը: Թուրքիան «մաքրելու» այդ փորձը արժանանում է ահա իրական պատկերին՝ Թուրքիան այլեւս հայ-թուրքական հարաբերությունը չի համարում իրեն այսպես ասած համարժեք մակարդակի հարց, եւ այն ամբողջությամբ «տեղավորել» է հայ-ադրբեջանական գործընթացի մեջ եւ հարցերը «պատվիրակել» Ադրբեջանին:
Սա է Երեւանի քաղաքականության հետեւանքը, ոչ թե հայ-թուրքական կարգավորման իբր թե հեռանկար բացելը:
Մյուսը. Ադրբեջանը անում է հայտարարություն, որը իրականում «բխում» է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության «տեքստից»: Պարզապես, այդ տեքստը դեռեւս ստորագրված չէ, այլապես Բաքուն կաներ անմիջական հղում: Այդ տեքստի կետերում հստակ սահմանված են այն պարամետրերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը իր ԱԳՆ հայտարարության մեջ: Եվ, երբ այդ տեքստը լինի ստորագրված ու վավերացված, ապա կարող եք պատկերացնել, թե Ադրբեջանը ինչպես է խոսելու Հայաստանում իր պատկերացումներից դուրս որեւէ բառ հնչեցնելու կամ որեւէ միտք արտահայտելու մասին, Հայաստանին մատնացույց անելով խաղաղության պայմանագիր ասվածը: Այլ կերպ ասած, Հայաստանի Սահմանադրությունը իրականում դառնալու է Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության պայմանագիր ասվածը»:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան








