«Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունից ընտրված պատգամավոր Բարըշ Աթայը Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նրան հոսպիտալացրել են, սակայն կարճ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից:
Պատգամավորի դեմ հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը»:
Նշվում է, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Բարըշ Աթայի վերաբերյալ վիրավորանքներ պարունակող թվիթ էր գրել, ինչից հետո պատգամավորը օգոստոսի 30-ի գիշերը անհայտ անձանցից կազմված խմբի կողմից հարձակման է ենթարկվել:
Միջադեպի առնչությամբ բողոքի ալիք է բարձրացել սոցցանցերում:
Պատգամավորը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ դիմելու է իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Սիիրթ (Սղերդ) քաղաքում թուրք սերժանտը սեռական բռնության էր ենթարկել 18-ամյա աղջկա, որը հանգեցրել էր վերջինիս ինքնասպանությանը: Սերժանտը բերման էր ենթարկվել, սակայն նրան ազատ էին արձակել: Բարըշ Աթայն անդրադառնալով այս թեմային, Թուրքիայի ՆԳ նախարարին ասել էր. «դու սերիական բռնարարին պաշտպանեցիր»: Նախարար Սոյլուն էլ պատասխանել էր. «Ես բռնարարի պաշտպան չեմ կարող լինել, բայց դու կարող ես բռնարար լինել: Զգույշ, չբացահայտվես…»:
Ermenihaber.am