Բժշկի անփութության պատճառով 75-ամյա Ադելաիդա Զախարյանը ժամանակին չի տեղեկացել իր առողջական լուրջ խնդրի մասին և չի կարողացել կանխել հիվանդության զարգացումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ադելաիդայի թոռը՝ Ռուզաննան։
75-ամյա կինը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին կորոնավիրուսի ախտանիշներով դիմել է բժշկի (տիկին Ադելաիդան 15 տարի առաջ կրծքի ուռուցք է ունեցել և վիրահատվել)։ Հաշվի առնելով տատիկի տարիքը և առողջական վիճակը՝ ընտանիքի անդամները նախընտրել են դիմել իրենց բնակության վայրին մոտ՝ Առողջապահության նախկին նախարար, ներկայում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի «ՄԻԲՍ» բժշկական կենտրոն, որտեղ նշանակվել է կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)։ 11.11.2020–ին տրված եզրակացության մեջ բժիշկը գրել է, որ առկա է 30 տոկոս թոքերի ախտահարում։ Նշանակվում է կորոնավիրուսի բուժում և գրեթե ամբողջովին առողջացած քաղաքացին 3–4 ամիս հետո հանկարծ ջերմում է։ Նորից դիմում են բժշկի, անգինայի համար բուժում է նշանակվում, սակայն մի քանի օրից էլի է ջերմում։ Կրկին ԿՏ է նշանակվում, բայց այս անգամ նույն հիվանդանոցի այլ բժիշկ է եզրակացությունը գրում, ըստ որի, տիկին Ադելաիդայի մոտ մետաստազներով քաղցկեղ է։
Ընտանիքի անդամները դիմում են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ նրանց ասում են, որ հնարավոր չէ առաջին ԿՏ–ի ժամանակ բժիշկը նկատած չլիներ ուռուցքը։ Ավելին, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տված նկարում և սկավառակում նույնպես երևում է ուռուցքը, որի մասին եզրակացությունում ոչինչ նշված չէ։ Դեռ այդ ժամանակ փոքր գոյացության զարգացումը հնարավոր կլիներ դանդաղեցնել համապատասխան բուժում ստանալու պարագայում։ Ռուզանը նկատում է, որ այս պահին տատիկի վիճակն արդեն ժամ առ ժամ է վատանում, վիճակն այն աստիճան է բարդացել, որ մետաստազները տարածվել են անգամ կրծքավանդակի ոսկորի վրա։
Ադելաիդա Զախարյանի առողջական վիճակի պատասխանատուն, ըստ նրա թոռնիկի, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի բժիշկ Կալինա Կիրակոսյանն է, որը թերի եզրակացություն է տվել և փաստորեն նպաստել հիվանդի առողջական վիճակի վատթարացմանը։ Ռուզանը պատմում է, որ ստեղծված իրավիճակից վրդովված գնացել են սխալ թույլ տված բժիշկի մոտ, որն ընդամենը հայտարարել է, թե իր միակ սխալն այն է եղել, որ լրացուցիչ մեկ այլ հետազոտման չի ուղարկել։ Ռուզանի պնդմանը, թե գոնե եզրակացությունում մի բառ պետք է գրվեր հայտնաբերված խնդրի մասին, բժիշկն անտարբեր թեթևությամբ ասել է, թե շատ մարդ է իրենց մոտ գալիս, խառն են եղել, հետո մտածել է՝ վիրահատված կին է և պարբերաբար ստուգումներ անցնում է։ Այսինքն, բժիշկը ոչ թե ախտորոշել է հիվանդին, այլ ընդամենը ենթադրություններով է առաջ շարժվել ու այնպիսի եզրակացություն է տվել, որը ճակատագրական է դարձել տարեց կնոջ համար։
Ռուզանը զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ գերժամանակակից սարքավորումներով հագեցած, նաև օնկոլոգիական ուղղվածություն ունեցող բժշկական այս կենտրոնի ոչ թե շարքային բժիշկ, այլ բաժնի վարիչի կարգավիճակ ունեցող Կալինա Կիրակոսյանը այսպիսի թերի եզրակացություններ է տալիս հիվանդներին, որը ճակատագրական հետևանքներ է ունենում։ «Այդ հիվանդանոց շատ մարդիկ են դիմում, նա շարքային բժիշկ չէ, այլ բաժնի վարիչ։ Եթե այս պատմությունը բարձրաձայնելով կարողանամ գոնե մեկ մարդու կյանք փրկել այս բժշկի սխալից, ինձ ավելի հանգիստ կզգամ։ Մեր քաղաքացիները մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում բժիշկի։ Գոնե այդ մեկ անգամ դիմելուց էլ պիտի ճիշտ եզրակացություն տալ, ոչ թե ասեն՝ խառն ենք եղել։ Հավանաբար ինքն իրեն որոշել է, որ մեծ կին է, հա լավ, ինչքան ապրել է, հերիք է»,– ընդգծում է տիկին Ադելաիդայի թոռնիկը։