2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից 7 ամիս անց դատական կարգով անհայտ բացակայողի կարգավիճակ է ստացել ընդամենը 4 զինծառայող։
Այս մասին կարդում ենք Պաշտպանության նախարարության՝ հունիսի 10-ի Կառավարությանը ներկայացրած չզեկուցվող հարցերից մեկի հիմնավորման մեջ, որով նախարարությունը խնդրում է երկարաձգել անհետ կորած զինծառայողի կարգավիճակի համար 6-ամսյա 300 հազարական դրամների վճարումները ևս 3 ամսով։
Հիշեցնենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 14-ին, անդրադառնալով անհետ կորածների խնդրին, ասել էր.
«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ավելի քան 100 նույնականացված մարմին»:
Հիմք ընդունելով Փաշինյանի բերած վիճակագրությունը, հարց է առաջանում, թե 321 անհետ կորածից ինչո՞ւ է պատերազմի ավարտից 7 ամիս անց նման կարգավիճակ ստացել ընդամենը 4-ը, և այս տեմպերով գնալու դեպքում դեռ քանի տարի է պետք, որպեսզի անհայտ բացակայողի կարգավիճակ ստանան Փաշինյանի մատնանշած ցուցակի 321 զինվորը։
Հիշեցնենք, որ միայն դատարանի վճռով անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալուց հետո նոր զինվորի հարազատները կարող են դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և ստանալ միանվագ և ամսական վճարումներ, իսկ քանի դեռ այդ կարգավիճակը չկա, Կառավարությունը նախկինում՝ 6, այժմ արդեն՝ մինչև 9 ամիս յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ կվճարի անհետ կորածների ցուցակում ընդգրկված զինվորների ընտանիքներին։