Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում պետական գույք մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին որոշման համաձայն՝Ընկերության գույքի կազմից առանձնացվել և Պետական գույքի կառավարման նախարարությանն էր հանձնվել 55 անվանում հիմնական միջոցներ:
ՀՀ կառավարության 15.09.2005թ. թիվ 1834-Ն (Գույքի մեկնարկային գինը սահմանվել էր դրա հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 25 տոկոսի չափով) և 22.06.2006թ. թիվ 882-Ն (Գույքի մեկնարկային գինը սահմանվել էր դրա հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 15 տոկոսի չափով) որոշումների համաձայն՝ Գույքը ներկայացվել էր մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդները չէին կայացել՝ մասնակցության հայտ չլինելու պատճառով։
Գույքը ենթակա է մասնավորեցման՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված ձևերով։
Սույն նախագծով առաջարկվում է 55 անվանում (161 հատ) հիմնական միջոցները ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, որպես մեկ գույքային միավոր, վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 2,955.7 հազար դրամ:
Գույքն ի սկզբանե պահատվության է հանձնված եղել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և գտնվում է Ընկերության տարածքում։
55 անվանում հիմնական միջոցները 1980-1990-ական թվականների արտադրության են, հնամաշ, անսարք, ապակոմպլեկտավորված և շահագործման համար ոչ պիտանի, ներկայումս կիրառվում են մի քանի սերունդ բարձր սարքավորումներ։
ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի թիվ 209 որոշմամբ հաստատված կարգով Գույքը ներկայացվել է շուկայական գնահատման։
Անկախ գնահատողի եզրակացության համաձայն՝ Գույքը գտնվում է վնասված, անսարք, ապակոմպլեկտավորված, ոչ լրակազմ և հետագա օգտագործման համար ոչ պիտանի վիճակում։ Զննությամբ պարզվել է, որ ապրանքանյութական արժեքները տեխնիկական և ֆիզիկական տվյալներով, ապրանքային տեսքով և որակական հատկանիշներով չեն կարող բավարարել արդի շուկայական պահանջները, որովհետև թե ֆիզիկապես, թե բարոյապես իրենց սպառել և արժեքազրկվել են, նրանց հետագա օգտագործման նպատակով վերանորոգումը ֆինանսապես նպատակահարմար չէ, տեխնիկապես անհնարին և տնտեսապես չհիմնավորված։