Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։
Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այս մասին Էրդողանի հրամանը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում։
Հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։
Նշենք, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։
6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիյե մզկիթ։
1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։
Ermenihaber.am