Ռուսական տելեգրամյան ալիքները արտահոսք են արել` հրապարակելով այն փաստաթուղթը, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևը: Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման հիմնական թեման։
Եռակողմ բանակցություններում կողմերի պարտավորությունների վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։
«Կարևոր եմ համարում արձանագրել, որ փաստաթղթում չկա որևէ մի բան, որը չի հայտարարվել Հայաստանի փաստացի ղեկավարի կողմից ԱԺ ամբիոնից, հարզացրույցների ընթացքում կամ որևէ այլ ֆորմատով։ Ըստ էության՝ փաստաթղթում, պարզապես, այլ՝ ավելի հստակ ձևակերպումներով տեղ են գտել բոլոր այն կետերը, որոնց մասին տևական ժամանակ է արդեն խոսում ենք, և որը գաղտնիք չէ։ Երևի փաստաթուղթը կարող է օգնել բացառությամբ այն մարդկանց, ովքեր մինչ այս պահը չէին հավատում, որ Հայաստանում կա, փաստացի, մի իշխանություն, ով վարում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում թողնելու, հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու և, ըստ էության, Հայաստանի նոր կապիտուլյացիային ուղղված բանակցություններ»,- ասաց պատգամավորը։
Նա կարծում է, որ փաստաթուղթը հենց Հայաստանի կապիտուլյացիա է․ «Այլ ձևով դա նկարագրել անհնար է, դրանով մենք փակում ենք հայկական պետություն ունենալու էջը, որովհետև Արցախը ոչ թե ռոմանտիկ, ռազմահայրենասիրական պատկերացումներից ելնելով ենք ասում, որ անհնար է Հայաստանն առանց Արցախի, ալ իրականությունը ցույց տվեց, որ Արցախը Հայաստանի համար զրահաբաճկոն է, առանց Արցախի` Հայաստանի առաջնագիծը երկարում է հարյուրավոր կիլոմետրերով, առանց հայկական Արցախի` խաթարվում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ՝ տարածաշրջանի կայունությունը։ Արցախի անկումը անգամ իրենց վրա զգացին քրդերը, այսինքն՝ այլ պայմաններում Հայաստանից քրդերի արտահանձնում Թուրիքա, չէր լինելու պարզապես։ Մարդիկ գնում են կապիտուլյացիայի՝ իշխանություն պահելու երաշխիքների համար»,- շեշտեց նա։
Պատգամավորի խոսքով մենք պիտի հասկանանք, որ գործ ունենք Էրդողան-Ալիև-Փաշինյան բանակցած փաստաթղթի հետ և պետք է գիտակցենք, որ էդտեղից որևէ դրական, հայանպաստ բան ակնկալել չենք կարող։ Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ինչ ուզելու են, իսկ Փաշինյանը ստանալու է իշխանությունը պահպանելու երաշխիքներ։
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղին՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով: Այս կետի վերաբերյալ ՀՅԴ անդամը նշեց․
«Մենք էնքան սարսափելի իրականությունում ենք հայտնվել, որ եթե ուզում ենք հասկանալ՝ Հայաստանը ինչի մասին է բանակցում, պետք է թշնամական երկրի ղեկավարին լսենք, ու պարզվում է թշնամական երկրի ղեկավարն այս ամբողջ ընթացքում չի խաբել, այսինքն՝ այն ինչի մասին հայտարարում է, դա էլ լինում է։ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, որ միջանցքային տրամաբանության մեջ պետք է ճանապարհ լինի։ Մենք կարող ենք բոլոր հիմքերն էլ ունենալ մտածելու, որ հենց էդ ճանապարհով էլ գնալու են իրենք»։
Կետերից մեկով նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված այսպես կոչված «ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի» կողմից՝ Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար:
Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ այս կետը ուղիղ իմաստով Արցախի ինքնորոշման իրավունքի փակում է․ «Արցախի հարցի փակում է, սա ուրանալ է հազարավոր զոհերի, ովքեր կյանքը տվել են նրա համար, որ էս կետից մենք առաջ շարժվենք և հասնենք ինքնորոշման իրավունքի, սա պարզապես վտանգել է Արցախում ապրող հայերի ճակատագիրը ու հենց այսպիսի պայմաններում է եղել Սումգայիթի ջարդերը, Բաքվի ջարդերը։ Ընդհանրապես քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, թե ինչ կարող է լինելու այս դեպքում հայկական բնակչության համար։ Մենք գործ ունենք քնած տեղը սպա կացնահարող ու սա հերոսացնող պետական քաղաքականության հետ», – ասաց նա։
Պատգամավորը հավելեց, որ փաշինյանական Հայաստանը ձեռքերը լվանում է հայերի իրավունքների պաշտպանությունից․ «Դա պետության առաջնային պարտականությունն է, եթե որևէ իշխանություն դա չի կատարում ինքը գոյություն ունենալու իրավունք պարզապես չունի, հետևապես բախտի քմահաճույքին հանձնել տասնյակ հազարավոր հայերի՝ շատ լավ հասկանալով, թե ինչ կարող է լինել իրենց հետ։ Ամեն ինչ անում են միայն իրենց սեփական իշխանության պահպանման համար, եթե հարկ լինի՝ վստահ եմ, որ նաև թշնամական պետության ուժային կառույցներ կներգրավվեն, որպեսզի էստեղ պահպանվի փաշինյանական իշխանությունը։ Փաշինյանը բանակցում է այնտեղ այն պրինցիպով, որ եթե ինքը չլինի իշխանության, այս բոլոր զիջումները պարզապես կյանքի չեն կարող կոչվել»։
Պատգամավորը կարծում է, որ բանակցությունների ընթացքը բեկելու համար Հայաստանում իշխանափոխությունն է պետք․ «Այս իշխանություններով անհնար է որևէ ձև հուսալ, որ մենք կունենանք բանակցությունների սեղանին հայանպաստ փաստաթուղթ։ Նոր բանակցողը բերելու է նոր հնարավորություններ, բանակցողի փոփոխությամբ՝ ոչ միայն ի չիք են դառնալու բանավոր խոստումները, որոնք տրվել են, այլև՝ Հայաստանը նոր հնարավորություններ է ձեռք բերելու։ Հնրավարություն ենք ունենալու համազգային մոբիլիզացիայի, որը իրավիճակի բեկման առաջին նախապայմաններից է»,- ասաց նա։