Երևանում իրականացվող երթևեկության բոլոր փոփոխությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ ընդգծել հանրային տրանսպորտի առաջնահերթությունը, հանրային տրանսպորտին առաջնահերթյուն տալ, ինչը որոշ դեպքերում պետք է նաև ի հաշիվ ավտոմեքենաների լինի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ մեկ ավտոբուսը միջինացված տեղափոխվում է մոտավորապես 60 մեքենային հավասար մարդ։
«Ամառվա շրջանն այն շրջանն է, որի ընթացքում փոփոխությունները, փորձարկումները պետք է կատարվեն։ Փոփոխություններն առաջարկվում են «Իլ դը Ֆրանս» ինստիտուտի կողմից հստակ հաշվարկների հիման վրա։ Փոփոխությունները լինելու են շարունակական, եղած փոփոխություններում կլինեն փոփոխություններ՝ ըստ իրավիճակի, ծանրաբեռնվածության, բայց առաջնահերթությունը տրվելու է հանրային տրանսպորտին, հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին։ Դա միանշանակ է, դա այլընտրանք չունի»,-ասաց նա՝ շեշտելով, որ հանրային տրանսպորտի տեսանկյունից փոփոխություններն արդարացված են։





