Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեն 40 միլիարդ դրամով ավելի է եղել, քան 2024 թվականին, բայց արդյոք որևէ մեկը նկատե՞լ է կտրուկ փոփոխություններ,Երևանի ավագանու այսօրվա նիստում հարց հնչեցրեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա զվարճանքի միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի տոնակատարություններին մասնակցող պաշտոնյաներին կոչ արեց Երևանով քայլել նաև այն ժամանակ, երբ անձրևներ են գալիս կամ ձյուն է տեղում կամ մեքենաներ են խցանվում ճանապարհներին։
Քաղաքային իշխանությունների կողմից կազմակերպված ժամանցային միջոցառումների ֆոնին Սուքիասյանը մատնանշեց մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական թանգարան-արգելոցի խայտառակ վիճակը։
Մանուկ Սուքիասյանը միաժամանակ Տիգրան Ավինյանին հիշեցրեց, որ հենց նա է հաշվետու ավագանու անդամներին, այլ ոչ թե հակառակը՝ կոչ անելով վերջինիս հրաժարվել սպառնալիքներից։
«Ի՞նչ պիտի անեք։ Շատ-շատ ոստիկան կանչեք դահլիճից դուրս հանեք, մեկ էլ շատ-շատ Ստեփանյան Գևորգի մեքենան վառեք (Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ՝ խմբ.)։ Ի՞նչ եղավ էդ գործը։ Էդ որ էդ մեքենանա վառել եք ու մի հատ ինչ-որ դեռահասի եք բռնել որպես կատարող՝ երկու ամիս պահել եք ու բաց թողել», – ասաց Սուքիասյանը։





