Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը շարունակում է մնալ պայքարի ու բախումների կենտրոնում։
Նախորդ տարվա գարնանը ոստիկանների հսկողությամբ տարածք են եկել «Կովերի պարտեզը» 98 տարով վարձակալած իսրայելական ընկերության մի խումբ ներկայացուցիչներ, ավերել հերթապահության երկու տնակները։
«Կովերի պարտեզը» իսրայելական կողմին պետք է անցներ մի վիճահարույց պայմանագրով, որը կնքվել էր Հայոց պատրիարքարանի հետ, որից հետո հայկական կողմը միակողմանի չեղարկել էր ու իր հերթին դատարան դիմել։ Պարտեզը հայկական պահելու համար՝ տեղի հայերը շարունակում են պայքարել։
«Արդեն 500 օր է, մենք այստեղից չենք հեռանում։ Հիմա դատական պրոցեսն է ընթացքի մեջ։ 2023-ի նոյեմբերին մեզ վրա սկսվեց առաջին հարձակումը, իսրայելցիները զինյալներով ու վարժեցրած շներով հարձակվեցին մեզ վրա։ Դրանից հետո սկսվեց մեր պայքարը, և օրը 24 ժամ մենք հերթապահում ենք «Կովերու պարտեզում»։ Նույնիսկ ԱՄՆ-ից փաստաբաններ մեզ միացան, օգնում են՝ ով ինչով կարող են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց երուսաղեմահայ Պետիկ Կիրակոսյանը։
Հայկական թաղամասի 25 տոկոսի հատվածում է գտնվում «Կովերի պարտեզը»։ Իսրայելական «Xana Gardens» ընկերությունն ըստ այդ մութ ու վիճելի պայմանագրի փորձում է տիրանալ Հայոց Պատրիարքարանի շինություններին և հինգ տան՝ տեղը շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը փաստել է, որ ինքը պայմանագրից տեղյակ չի եղել, դրա կնքման համար մեղադրում է արդեն կարգալույծ արված պատրիարքին:
«Այդպիսով վտանգվում է հայկական ներկայությունը Երուսաղեմում, մեր Հայոց պատրիարքության գույքը։ Իսրայելցիները խախտում են հայկական թաղամասի բանկիչների, և առհասարակ Հին քաղաքի բնակիչների իրավունքները»,- ընդգծեց Կիրակոսյանը։
Թե որքան կտևի գործարքի վերաբերյալ դատական գործընթացը, Պետիկ Կիրակոսյանը տեղյակ չէ։ Գործի իրավական ընթացքին մասնակցում են նաև հայ իրավապաշտպանները, որ կանխեն միջադեպը՝ ներխուժումներն ու տեղում հերթապահություն իրականացնող հայերի դեմ բռնությունները։