Հայկ Արթուրի Հովհաննիսյանը հայ քանդակագործ է. ծնվել է Գյումրիում, 1993 թվականի ապրիլի 12-ին։ Նա ձևավորել է իր սեփական, ճանաչելի ձեռագիրը՝ միավորելով դասական ու ժամանակակից մոտեցումները։
Նրա գործերը ներկայացված են միջազգային հարթակներում և մի քանի երկրների մասնավոր հավաքածուներում։

Մենք զրուցեցինք Հայկ Հովհաննիսյանի հետ նրա կյանքի, ստեղծագործական ոգու և նյութի հետ ունեցած յուրահատուկ կապի մասին։
– Պարոն Հայկ, երբ հասկացաք, որ ձեր ճանապարհը արվեստի մեջ է։
– Շատ վաղ։ Մանկուց շրջապատված էի արվեստով․ հայրս քանդակագործ է, և ես հաճախ էի լինում նրա արվեստանոցում։ Միշտ հետաքրքիր էր՝ ինչպես է անշարժ նյութը վերածվում կենդանի կերպարի։ Մի օր հասկացա՝ հենց դա է այն լեզուն, որով ուզում եմ խոսել աշխարհի հետ։

– Ձեր գործերում շատ են խորհրդանշական և փիլիսոփայական թեմաները։ Ինչո՞ւ հենց դրանք։
– Որովհետև ինձ համար արվեստը միայն արտաքին ձև չէ։ Ես փորձում եմ հասկանալ մարդուն՝ իր ներքին աշխարհով, պայքարներով, հավատով։ Օրինակ՝ «Ադամ և Եվա. Վտարում» քանդակը մարդուս ներքին վտարման մասին է՝ երբ անհատը կորցնում է ինքն իրեն, հետո ,,, տևական դադար և միայն հոգով ազնիվներն են կարողանում վերգտնել դառնալով ավելին քան կային։

– Ինչպե՞ս կբնորոշեք ձեր ոճը։
– Ֆիգուրատիվ ռեալիզմի և էքսպրեսիոնիզմի խառնուրդ է։ Ես սիրում եմ, որ ձևը կենդանի լինի։ Եթե քանդակը հուզմունք չի առաջացնում, այն պարզապես ձև է՝ դատարկ ֆորմա։

– Ի՞նչ տվեց ձեզ Սանկտ Պետերբուրգի Ռեպինի ակադեմիան։
– Այն մեծ դպրոց էր, որը սովորեցրեց կարգապահություն և հարգանք արվեստի նկատմամբ։ Այնտեղ հասկացա, որ ազատ լինելու համար պետք է նախ տիրապետել հիմքերին։ Երբ ձևին տիրապետում ես, այն ժամանակ կարող ես կոտրել այն՝ առանց կորցնելու արժեքը։

– Որո՞նք են ձեր սիրելի գործերը։
– Ամեն մեկը տարբեր բան է պատմում, բայց «Ամբոխին հակառակ»-ը ինձ համար շատ անձնական աշխատանք է։ Այն խոսում է այն մասին, որ երբեմն պետք է գնալ սեփական ճշմարտության հետևից՝ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը հակառակ է։
– Ի՞նչ եք ուզում, որ մարդիկ զգան, երբ տեսնում են ձեր քանդակները։
– Յուրաքանչյուր մարդ իրենն է տեսնում արվեստում, ինչքան շատ ու մեծ է ներսդ, այդքան շատ ու մեծ է արձագանքը, ինչքան դատարկ՝ այքան անհաղորդ։

Հայկ Հովհաննիսյանի հայտնի աշխատանքներից են՝ «Ադամ և Եվա. Վտարում», «Բրոնզեդարյա մարդը», «Տորք Անգեղ», «Եվրոպա», «Ամբոխին հակառակ», «Ազատություն», «Գինեսույզ մետամորֆոզներ» և այլ քանդակներ։
Նրա գործերը ներկայացված են միջազգային հարթակներում՝ The Artling, Artmajeur, Saatchi Art, և ArtStation։








