Գինու միջոցով Հայաստանի մասին պատմելու գաղափարը երաժիշտ Սոնա Շաբոյանը մտահղացել է տարիների ընթացքում։
Սոնա Շաբոյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Երաժշտական կրթությունը շարունակել է Գերմանիայի կոնսերվատորիայում՝ ավարտելով ասպիրանտուրան: Հետո տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ նախ երաժշտական գործունեություն է ծավալել՝ հանդես գալով համերգներով, թողարկելով ձայնասկավառակ:
Մոտ ութ տարի առաջ հիմնադրել է Heres մշակութային հիմնադրամը, հետո նաև՝ Heres wine-ը։
«Heres» մշակութային հիմնադրամի միջոցով նա կամրջել է Հայաստանն ու Շվեյցարիան: «Հաջող մեկնարկ էր, բավականին հետաքրքիր արտիստներ Հայաստանից գալիս էին Շվեյցարիա՝ ելույթների, համատեղ համերգներ էին կազմակերպվում Շվեյցարիայի երգիչների հետ: Որոշեցի մշակույթը համադրել անուշաբույր գինիների հետ եւ ստեղծեցի Heres wine-ը: Ես բացահայտեցի, որ Հայաստանում շատ հետաքրքիր գինու տեսակներ ունենք, որոնք կարող են հետաքրքրել թե՜ շվեցարացուն, թե մյուս ազգերին: Գինին, ինչպես երաժշտությունը, միջոց է՝ պատմելու քո երկրի մասին: Մի բան է, երբ դու աշխարհի ուշադրությունը գրավում ես լուրջ ու խնդրահարույց թեմաներով, մեկ այլ բան է, երբ հաճելի ալիքի վրա՝ գինով ու երաժշտությամբ ես պատմում քո երկրի մասին, որտեղ կան բազում խորքային խնդիրներ: Գերնպատակը Հայաստանն օտարներին ճանաչելի դարձնելն է»,-նշում է Սոնա Շաբոյանը։
HERES անվանումը պատահական չի ընտրված, լատիներենից թարգմանաբար նշանակում է «ժառանգություն». թե՜ երաժշտությունը, թե՜ գինին հայկական մշակութային ժառանգություն են, որոնց հետաքրքիր համադրությունը Սոնա Շաբոյանն ուզում է ցույց տալ Շվեյցարիայում:
Այս տարի՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը, Ցյուրիխում անց է կացվելու գինու գարնանային մեծ փառատոն՝ Expovina Primavera- ն, որտեղ Հայաստանը եւս ներկայացված է լինելու տարբեր կազմակերպությունների միջոցով:
2022 թվականի նոյեմբերին, Ցյուրիխում՝ 12 նավերի վրա, անց կացվեց աշխարհում մեծ համբավ ունեցող գինու Էքսպովինան: Այն կազմակերպվում էր 67-րդ անգամ, եւ Հայաստանը ներկայացված էր որպես հյուր-երկիր, ուներ իր նավը, որի վրա ցուցադրվում էին տարբեր հայկական գինեգործների արտադրած գինիները, ինչպես նաեւ՝ Հայաստանին նվիրված գրքեր:
Այդ օրերին Ցյուրիխում հանրային տրանսպորտի բոլոր միջոցների վրա, հասարակական վայրերում, գովազդային վահանակներին Հայաստանի եռագույնն էր։