«Առաջինը պետք է նկատել, որ այդ փաստաթղթի մեջ ոչ թե 6, այլ 5 կետեր են, որովհետև այն, ինչ ասվում է հենց առաջին կետում, որևէ կերպ չի ընկալվում, որպես պայմանագրի կետ, այլ, ուղղակի, տեղեկացում կամ տեղեկանք այն մասին, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։ 2-րդ ու 6-րդ կետերն, ուղղակի, անհեթեթություն են, մյուսներն՝ ընդամենը պարզունակ շարադրություն, ոչ ավելին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մայիսի 13-ին հանրային հեռուստաընկերության եթերում Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի համար Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված վեց կետերը։
Միջազգայնագետը խիստ կասկածներ ունի, որ սա Ադրբեջանին ներկայացվող փաստաթղթի վերջնական տարբերական է։ Ըստ վերջինիս, սա, հավանաբար, հասարակական տրամադրությունները ստուգելու համար դաշտ նետված ինֆորմացիա է։ Գրիգոր Բալասանյանը չի բացառում նաև, որ սրանով հայկական կողմը ցանկացել է ստուգել Ռուսաստանի Դաշնության տրամադրությունները՝ հարցի առնչությամբ.
«Այդ փաստաթղթում որևէ սկզբունքային կետ, ուղղակի, չկա, գոյություն չունի։ Տպավորություն է, թե գրողն ինչքանով տեղյակ է եղել պատմությունից, իր ունեցած կիսատ-պռատ գիտելիքները պարզապես հանձնել է թղթին և անունը դրել պայմանագիր։ Օրինակ, ես առաջին անգամ այդ փաստաթղթից իմացա, որ մենք 1991 թ. դեկտեմբերին Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ենք ստորագրել, այն պարագայում, երբ դեկտեմբերի 8-ը ԱՊՀ-ի ստեղծման պայմանագրի ստորագրման օրն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ անդամ են դարձել դեկտեմբերի 21-ին։ Հետևաբար, մենք 1991 թ. դեկտեմբերի 8-ին չէինք կարող Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել»,- արձանագրել է միջազգայնագետը։
Տարածքային ամբողջականության պահանջի հետ կապված, Գրիգոր Բալասանյանը, նույնպես, անհասկանալի դրութներ է նկատել վերոհիշյալ փաստաթղթում.
«Եթե մենք չունենք տարածքային ամբողջականության պահանջ, ապա հարց է ծագում՝ իսկ Ադրբեջանն ունի՞ այդպիսի պահանջ մեր նկատմամբ։ Այդ փաստաթղթում պետք է ֆիքսված լիներ, որ օրինակ, սույնով կողմերը փաստում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ամբողջականության պահանջ։ Ընդ, որում, դա նաև վերաբերում է անկլավներին, Սև լճին և այն ճանապարհահատվածին, որտեղ տեղակայված է ադրբեջանական մաքսակետը։ Խնդիրը հետևյալում է՝ երբ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ, այդ պահից ի վեր, գոյություն ունի քարտեզ, որը ճանաչված է միաջազգային հանրության կողմից։ Եվ իշխանության այն բառախաղերը, թե, իբր, դեռ հայտնի չէ, արդյո՞ք դրանք մեր սահմաննե՞րն են, թե՞ ոչ, պետք է ասել՝ այդ հարցի պատասխանը հստակորեն ֆիքսվել է այն պահից, երբ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ»,- նշել է Գրիգոր Բալասանյանը։
Ավելին` միջազգայնագետի արձանագրմամբ` Մարուքյանի կողմից հրապարակված փաստաթղթի 2-րդ կետը խիստ վիճարկելի է, այլ կերպ ասած՝ իրենից ներկայացնում է բացառապես միակողմանի զիջում, խիստ խնդրահարույց է նաև 4-րդ կետը, որտեղ խոսվում է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների մասին.
«Եթե նկատում եք, այստեղ, զարմանալիորեն, չի հիշատակվում բրյուսելյան այցի և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որը, կրկին, վերաբերում էր հայ-ադբեջանական, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրին։
«Սա գալիս է տալու այն ասեկոսեների պատասխանը, որ Մոսկվայում, ոչ միայն դժգոհ են մնացել բրյուսելյան այցից, այլև, կարծում եմ, կարող է եղած լինի նաև խոսակցություն, որ հետայսու բրյուսելյան այցը չի թմբկահարվելու։ Ինձ համար անհասկանալի համարվող 6-րդ կետի մասին էլ կնշեմ հետևյալը՝ եթե ասվում է, թե Մինսկի համանախագահող երկրները պետք է կարգավորեն այս խնդիրը, ապա սա նորից անհեթեթություն է, որովհետև, երբ Մինսկի խմբի եռանախագահությունը ստեղծվել է, ընդհանրապես մանդատ չի ունեցել կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դա բացառապես Արցախի հակամարտության լուծմանը միտված խումբ էր և այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Հետևաբար, 6-րդ կետում առկա ձևակերպումն այլ բան չէ, քան հերթական անգամ՝ քար նետել ու փորձ ռուսական կողմի ուղղությամբ, և դա այն պարագայում, երբ հենց ռուսական կողմն է՝ Լավրովի բերանով հայտարարել Մինսկի խմբի այլևս չգոյության մասին»,-ասել է Գրիգոր Բալասանյանը։
Անդրադառնալով հարցին, որ սույն փաստաթուղթի հրապարակումը, հավանաբար, կարող էր նաև ռուսական կողմի տրամադրությունները ստուգելու համար լինել, և չի բացառվում, որ ռուսական կողմը կարող է նաև տեղյակ չլիներ այս փաստաթղթում առկա կետերի բովանդակությանը` Գրիգոր Բալասանյանը պատասխանել է՝ շատ հավանական սցենար է, որի հետևանքը կարող է լինել այն, որ բոլորս պատժվելու ենք.
«Եռանախագահների վրա թողնել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը, նշանակում է՝ կրկնել Արցախի 30 ամյա բանակցային գործընթացի սխալը։ Աշխարհաքաղաքական այնպիսի իրադարձությունների ֆոնին, որ կատարվում է վերջին շրջանում, սա ոչ միայն քաղաքական կարճատեսություն է, այլև խիստ վտանգավոր երևույթ՝ Հայաստանի, առանց այդ էլ, վտանգված ապագայի համար»։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հենց հատուկ հանձնարարականների գծով դեսպան Էդմոն Մարուքյանին վերապահվեց այսօրինակ փաստթղթի հանրայնացումը` միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նկատում է՝ սրանով դիպուկ կերպով բացահայտվեց, որ, հավանաբար, հենց Մարուքյանին է վստահված հայ-ադրբեջանական հարցերով բանակցելու գործը.
«Հետևաբար, եկեք շնորհավորենք պարոն Մարուքյանին, որովհետև, ըստ էության, նրա այդ պաշտոնը՝ հատուկ հանձնարարականների գծով դեսպանն, իրականում, հայ-ադրբեջանական հարցերով բանակցելու լիազորությունն է, ինչպես որ՝ Ռուբեն Ռուբինյանն էլ հայ-թուրքական հարաբերությունների բանագնացն է։ Հայաստանում էլի հատուկ հանձնարարությունների գծով դեսպաններ կան, բայց, եթե Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե լիազորված է հրապարակել Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ Խաղաղության պայմանագրի վեց կետերը, ուրեմն իր գործառույթը, որպես հատուկ հանձնարարակնաների գծով դեսպան, հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում է և բոլորովին չի բացառվում, որ նա պետք է մասնակցություն ունենա այդ գործընթացին, կամ, առնվազն, տեղյակ լինի դրա մանրամասներին։ Սակայն, այստեղ հարց է աոառաջանում՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ընդունելի է լինելու Մոսկվայի կողմից»,- ասել է միջազգայնագետը։
Ամփոփելով զրույցը` Գրիգոր Բալասանյանն ընդգծել է՝ հայկական կողմի երեկ հրապարակված պատասխանն, ըստ էության, այլ բան չէր, քան այն, որ Ադրբեջանի կողմից ավելի վաղ ներկայացված 5 կետերն հայաստանյան կողմի համար ընդունելի են, սակայն, կրկնվելով հավելում է՝ ինքը լուրջ մտավախություն ունի, թե սա հայկական կողմից ներկայացված փաստաթղթի վերջնական տարբերակը կարող է լինել։
Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարել էր, որ լիազորված է հրապարակել Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ խաղաղության պայմանագրի վեց կետերը: Ըստ այդմ`
1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
2. ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները ճանաչելու մասին 1991-ի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։
3. Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի, հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը։
5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։
6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Աղբյուր` Փաստինֆո